Օձի ահազանգով փրկարարները հայտնաբերել են սիրեկանների
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նաև, որ իրենց աշխատանքի ընթացքում զավեշտալի դեպքեր շատ են գրանցվում: Այնուհետև, հիշեց մեկ դեպք, երբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները գնացել են բնակարանում օձ լինելու ահազանգի հետևից, սակայն պարզվել է, որ այնտեղ սիրեկաններ են: «Ահազանգ ստացանք, որ բնակարաններից մեկում օձ կա, բնականաբար սահմանված կարգով արձագանքել ենք և ժամանել դեպքի վայր: Օձ, իհարկե, չի հայտնաբերվել, այնտեղ առկա էր երիտասարդ զույգ: Ըստ երևույթին, բարեկամներից մեկն է տեսել ու զանգել մեզ»,- նշեց Հովհաննես Խանգելդյանը: Մեկ այլ դեպքում էլ քաղաքացիները զանգահարել էին ԱԻՆ 911 ծառայություն, և ասել, որ դիմացի շենքի տանիքում մի աղջիկ է և ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները շտապ արձագանքել են և պարզվել է, որ տանիքում գտնվող աղջիկն ընդամենը ականջակալները դրած երաժշտություն է լսում ու պարում:
