Ինքնասպանությունների թիվն ավելացել է. Հովհաննես Խանգելդյան
Այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը հայտարարեց, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ինքնասպանության 89 դեպք է գրանցվել՝նախորդ տարվա համեմատ՝ ավելանալով 5-ով: «Ինքնասպանությունների մեծ մասը (56) տեղի է ունեցել բնակարաններում և առանձնատներում, 12 մարդ ինքնասպանություն է գործել՝ նետվելով բարձրահարկ շենքից, 5-ը՝ կամրջից»,- նշեց նա: Ինչպես ներկայացրեց՝ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 6069 արտակարգ դեպք է գրանցվել: Արտակարգ պատահարների թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 867-ով, այսինք՝ 16,7 տոկոսով: Պատահարների մեծ մասը ճանապարհատրանսպորտային դեպքերն են, այնուհետեւ հրդեհներն ու թունավորումները: Գրանցված արտակարգ պատահարների արդյունքում զոհվել է 149 մարդ, տուժել՝ 4866-ը: Նախորդ տարվա համեմատ 10-ով աճել է զոհերի թիվը, 747-ով՝ տուժածներինը, հաջողվել է փրկել 131 մարդու կյանք, որը 28-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՃՏՊ-ների թիվն այս կիսամյակում աճել է 109- ով , բայց զոհերի թիվը 6-ով նվազել է:
