Վտանգները շատ դեպքերում հասարակ մահկանացուների համար անտեսանելի էին․ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը՝ ՀՀ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Զրուցել ենք արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ։


- Դուք ավելի քան 30 տարվա դիվանագիտական աշխատանքից հետո՝ 2021 թ. հուլիսի 19-ին, ազատվեցիք ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ո՞րն էր պատճառը, Ձե՞ր ցանկությամբ է եղել, թե՞ վերադասի։

- Իմ ցանկությունն այդքան չէր, որքան իմ վերադասի ցանկությունը։ Բնականաբար, այն զարգացումները, որ Հայաստանում կատարվում էին մինչեւ ընտրությունները կամ հետպատերազմյան շրջանում, չէին կարող չանհանգստացնել ինձ կամ ԱԳ նախարարության ղեկավարությանը... ուղղակի անհամատեղելի էր աշխատանքն այն շրջանակների հետ, որոնք չէին ցանկանում լսել կամ լսում էին ու չէին փորձում կենսագործել այն արգումենտները, որոնք բերվում էին մասնագիտական, իմա՝ դիվանագիտական շրջանակների կողմից։


- Այդ ընթացքում լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ հետ կապված վերապահումներ ունի։

- Անկեղծ ասեմ․ ես լսել եմ միջնորդավորված, որ կան խնդիրներ, երբեւէ որեւէ խոսակցություն չեմ ունեցել այդ անձնավորության հետ, եւ քննարկում նույնիսկ չի եղել, բացատրություններ նույնիսկ չեն եղել, թե ինչու ես պետք է թողնեմ պաշտոնը։ Որոշակի մոտեցումներ հնչեցվել են, որոնք անհեթեթության ժանրից են, եւ հստակ բացատրություններ՝ որն է եղել այն արարքը, որն անընդունելի է եղել ղեկավարության կողմից, որեւիցե ձեւով չի տրվել այդ բացատրությունը։ Բայց, բնականաբար, այդ քայլը որոշակիորեն նաեւ գիտակցված քայլ էր, եւ ես արել եմ նաեւ գիտակցված։

- Ձեզնից մոտ մեկ ամիս առաջ ԱԳ նախարարի 3 տեղակալներ ազատվեցին պաշտոնից՝ չուզենալով աշխատել այս կառավարության հետ։

- Երեւի բացատրությունները կտան այն անձինք, որոնք դիմումները գրել են։ Ես ի սկզբանե դեմ եմ եղել, որ ԱԳՆ ղեկավարությունից որեւէ մեկը լքի պաշտոնը։ Դեմ եմ եղել մի պարզ պատճառով, որ սա մի մեծ ինստիտուտ է, որն աշխատում է, եւ ես միշտ համարել եմ, որ հատկապես նոյեմբերի 9-ի այդ եռակողմ հայտարարությունից հետո հսկայական դաշտ է բացվում հենց դիվանագետների համար։ Երբ որ լռում են թնդանոթները, սկսվում է դիվանագիտական աշխատանքը։ Սա դոգմա է՝ ընդունված ամբողջ աշխարհում։ Մենք կարծում էինք, որ մեծ դաշտ կա աշխատելու, նույնիսկ այն պայմաններում, որ պայմաններում որ ընդունվեց այդ եռակողմ հայտարարությունը, հսկայածավալ աշխատանք կար տարբեր ուղղություններով, եւ մենք լծվեցինք գործին։ Դրա վառ ապացույցն այն հայտարարությունները, դիրքորոշումներն ու հեռախոսազրույցներն էին, որոնց մեծ մասին լայն հանրությունը տեղյակ է։ Ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ կային իսկապես շատ-շատ դրական արձագանքներ, եւ այդ՝ մանեւրելու դաշտի ընդլայնումն իսկապես արդեն երեւացող էր։ Բայց, ցավալիորեն, դիրքորոշումներ եղան, որոնք ե՛ւ մեզ համար էին անընդունելի, ե՛ւ մեր դիրքորոշումներն էին անընդունելի։ Էդպես էլ սկսվեց քայլերի մի էնպիսի շարք, որոնք արդեն շատ նեղացրին այդ դաշտը, եւ հնարավորությունները շատ պակասեցին։

- Ո՞ր դիրքորոշումներն էին հատկապես անընդունելի, եւ ե՞րբ սկսեց փոխվել մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը։

- Վտանգները շատ դեպքերում չերեւացող էին, հասարակ մահկանացուների համար՝ անտեսանելի։ Բայց դիվանագետները, որոնք կարողանում են տողատակեր կարդալ, հստակ տեսնել արձագանքները` ծանրության տարբեր կենտրոններից, ուժային կենտրոններից, այդ անհանգստությունը սկսում էր կամաց-կամաց առաջանալ։ Լինում էին հայտարարություններ, որոնց մասին արտաքին գործերի նախարարությունը կարող էր տեղյակ չլինել։ Լինում էին դիրքորոշումներ, որոնք ընդունելի չէին նույն դիվանագետների կողմից։ Էսպիսի կարծիք կա, եւ դա է ճիշտը, որ դիվանագետներն իրականացնում են օրվա իշխանությունների քաղաքականությունը։ Բայց դիվանագետները նույնպես մսից եւ արյունից են, հոգի ունեն, բաբախող սիրտ եւ իրավասու են նաեւ ցույց տալու այն վտանգները, այն սպառնալիքները, որոնք առաջին հայացքից կարող են չերեւալ, բայց զարգացման ճանապարհին իքս պահի կարող են ի հայտ գալ եւ շատ ավելի լուրջ դժվարություններ ստեղծել հետագա մանեւրելու համար։

- Դուք 2018-ից ԱԳՆ գլխավոր քարտուղարն եք, տեսնո՞ւմ էիք քայլեր, որոնք միտումնավոր տանում էին Արցախն Ադրբեջանին հանձնելուն, պատերազմի, Հայաստանը՝ պրոթուրքական ճանապարհով։

- Գուցե առաջին շրջանում՝ 1-1.5 տարվա ընթացքում, շատ տեսանելի չէին, բայց որոշակի ծիլեր սկսեցին երեւալ հընթացս, որոնք անզեն աչքով դուք երբեք չէիք տեսնի, եւ դրա մասին տարբեր խորհրդակցությունների ժամանակ բարձրաձայնվում էր։ Ես տեղյակ չեմ, թե որքանով էր դա հասնում օրվա ղեկավարությանը, բայց դրա մասին խոսում էինք եւ փորձում էինք նաեւ ահազանգել, որ ընտրված ճանապարհը, այս խոսույթը կամ այս դիրքորոշումը որեւիցե ձեւով լավ տեղ չի տանի։

- Գործող իշխանությունն ընտրել է պրոարեւմտյան-պրոթուրքական քաղաքական վեկտորը։ Դուք արձանագրե՞լ եք դա, եւ ե՞րբ է սկսվել։

- Այո, ես արձանագրում եմ դա, դա տեսանելի է, եւ չեն էլ թաքցնում դրա մասին։ Դա շատ տեսանելի է ե՛ւ այդ անձնավորության կողմից կատարված հայտարարությունների ժամանակ, ե՛ւ համապատասխան սատելիտների կողմից կատարված հայտարարությունների ժամանակ, այո, դա տեսանելի է։ Եվ ցավալի է, որովհետեւ ես չեմ համարում, որ Հայաստանն այնպիսի դիրքում է այսօր, մանավանդ՝ հետպատերազմյան շրջանում, որ պետք է միակողմանի դիրքորոշում փորձի որդեգրել կամ շեշտադրումները հզորացնել ավելի շատ մեկ ուղղությամբ, քան բազմավեկտոր ուղղություններով։

- Ասացիք՝ շատ որոշումների մասին ԱԳՆ-ում տեղյակ չեք եղել։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին նույնպե՞ս պոստ ֆակտում եք իմացել։

- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին մենք իմացել ենք նոյեմբերի 9-ի գիշերը, ժամը 11։20-ին։ Նույնիսկ կասկածներ չեմ ունեցել, որ նմանատիպ հայտարարություն է պատրաստվում։ Ինձ համար դա շոկ էր՝ նման բառապաշարով հայտարարությունը։ Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ այդ էմոցիոնալ ֆոնը երբ դնում ես մի կողմ եւ միանգամից արդեն ընկղմվում ես բոլոր այդ կետերի մեջ, սկսում ես արդեն միանգամից փնտրել՝ որտեղ է մանեւրելու, որտեղ է դիվիդենտներ վերցնելու եւ որտեղ է այն հնարավոր փոքր պատուհանը, որտեղով կարող ես սողոսկել, որպեսզի կարողանաս ճիշտ ձեւով քո ազգային շահերը պաշտպանել։ Բայց, ցավալիորեն, արդեն հետհայտարարության շրջանը ցույց է տալիս, որ գնալով այդ անցքերը, այդ ուղիներն ավելի էին նեղանում։

- Իսկ փորձե՞լ եք դիմադրել, կանխել այն սխալները, որոնք թույլ էին տալիս այս իշխանություններն արտաքին քաղաքականության հարցում, եւ որոնք ճակատագրական կարող էին լինել մեզ համար, եւ հաջողվե՞լ է կանխել։

- Միանշանակ, ես մշտապես ամենժամյա շփում եմ ունեցել ԱԳ նախարարի հետ եւ բարձրացրել եմ այդ հարցերը։ Բայց եթե ինչ-որ բան ստացված լիներ կանխել, ապա մենք չէինք գա հասնի այս օրվան։

- Այսօր պետական բարձրաստիճան օղակներում, նաեւ ԱԳՆ-ում մնացած պաշտոնյաներ կա՞ն, որոնք գիտակցում են, թե ինչ է կատարվում իրականում, ինչ սխալներ են թույլ տրվում արտաքին հարաբերություններում, եւ մնացել են այն պատճառով, որ փորձեն կանխել ճակատագրական որոշումները։

- Առաջին մասը, անշուշտ, կհաստատեի` իհարկե, կան ե՛ւ հայրենասերներ, ե՛ւ նվիրյալներ, ե՛ւ պատասխանատվության բարձր գիտակցում ունեցողներ այսօր ԱԳՆ-ում, բայց եթե մնացել են, որպեսզի դիմադրեն, ես որեւէ դիմադրություն կամ դիմադրողականություն չեմ տեսնում։

- Ճիշտը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ չաշխատե՞լն է, թե՞ մնալ եւ փորձել թույլ չտալ, որ դիլետանտները, հայրենիքը չսիրողները մեր երկիրը տանեն կործանման։

- Ես սկզբում դա էի ասում` դեմ էի, որ մարդիկ ազատման դիմումներ գրեին, որովհետեւ համարում էի, որ եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվել, ուրեմն պետք է մնան մինչեւ վերջ։ Նախ պետք էր կարողանալ շենքը պահել, որը շատ կարեւոր հանգամանք է։ Ասեմ Ձեզ` եղել է երկուսուկես շաբաթ, որ այդ շենքը մնացել է միայն իմ ուսերին՝ որեւէ մեկը ղեկավարությունից չկար, բայց ես տարել եմ եւ արժանապատվորեն եմ տարել այդ երկուսուկես շաբաթը, դա հենց քարոզարշավի ամենապիկ շրջանում էր, որովհետեւ դու պետք է կարողանաս մնալ, աշխատել, պահել այդ ինստիտուտը, որը շատ կարեւոր է։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ միայն մնալ-պահելը որեւիցե ձեւով չէր ողջունվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 940 անգամ
Լրահոս
Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am