Գինոսյա՛ն, կողմնորոշվի՛ր. Վարուժան Ավետիսյանը դիմում է Գագիկ Գինոսյանին
«Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը բաց նամակով դիմել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Գինոսյա՛ն, կողմնորոշվի՛ր: Լսել եմ, որ օրեր առաջ Գագիկ Գինոսյանը մի միջոցառման ժամանակ կանգնած է եղել Սերժ Սարգսյանի կողքին և դեռ Նժդեհից էլ մեջբերում է կատարել իրեն բնորոշ պաթետիկ ոճով։ Եթե լսածս համապատասխանում է իրականությանը, ապա Գինոսյանը թող այսուհետև ոչ թե Նժդեհից, այլ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ВЧК)՝ Ադրբեջանի և Հայաստանի ստորաբաժանման նախագահ Գևորգ Աթարբեկովից մեջբերումներ կատարի։ Օրինակ, որ հանուն համաշխարհային հեղափոխության (այսօր արդեն բացահայտված տարբերակով՝ հանուն ռուսական կայսրապետության և ռուս-թյուրք գործակցության) կարելի է զոհաբերել Հայաստանը։ Համենայն դեպս, այդպես ավելի ազնիվ կլինի։ Քանի որ Լեոնիդ Ազգալդյանից հետո Սերժ Սարգսյանի կողքին կանգնելուն համապատասխանում է Նժդեհի հայրենապաշտ սրի փոխարեն Աթարբեկովի հայրենասպան կացինը գովերգելը։ Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռերի խոսնակ, Արմավիր ՔԿՀ 20 հուլիսի 2017թ»:
