ՌԴ-ի և ԱՄՆ-ի ԶՈՒ ղեկավարների ու ՊՆ-ների առաջին բանակցությունները. Պուտինի հետ արդեն հաշվի են նստում

Առաջին հեռախոսազրույցը ԱՄՆ-ի և ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների միջև

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին երեկ զեկուցեց գործողություններն ավարտելու և «Ազովստալ» գործարանի ու Մարիուպոլի ամբողջական գրավման մասին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ազովստալ» գործարանի տարածքը, որը գտնվում էր «Ազով» նացիստական կազմավորման վերահսկողության ներքո, ամբողջովին ազատագրվել է, ուրբաթ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Մարիուպոլում գտնվող մետալուրգիական գործարանի տարածքը, որտեղ ապրիլի 21-ից արգելափակվել էր «Ազով» զորամիավորումը, ամբողջովին ազատագրվել է»,- ասել է Կոնաշենկովը:

Հատկանշական է, որ հենց երեկ ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները։ Վալերի Գերասիմովը և Մարկ Միլին հեռախոսազրույցի ընթացքում «քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ այդ թվում իրավիճակը Ուկրաինայում», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում։

Անցած շաբաթավերջին էլ հեռախոսազրույց էր կայացել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարների միջև՝ նույնպես առաջին անգամ Ուկրաինայում պատերազմի ընթացքում: Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել էին, որ մի քանի անգամ փորձել են կապ հաստատել ռուսական կողմի հետ, սակայն իրենց զանգերն անպատասխան են մնացել:

Անցյալ շաբաթ, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն։ Պենտագոնի մայիսի 13-ի երեկոյան տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Օսթինը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում և ընդգծել կապեր պահպանելու կարևորությունը»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են միջազգային անվտանգության հրատապ հարցերը, ներառյալ Ուկրաինայի իրավիճակը։ Նշվել էր, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Նախորդ անգամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 18-ին՝ մինչև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։

Մոսկվան «համարժեք հակաքայլեր է ձեռնարկում» ի պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ի պատասխան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու քայլին, Մոսկվան մինչև տարեվերջ 12 նոր զորամաս և ստորաբաժանումներ կստեղծի Արևմտյան ռազմական օկրուգում։ «Լարվածությունը շարունակում է աճել Արևմտյան ռազմական օկրուգի պատասխանատվության գոտում: Մենք համարժեք հակաքայլեր ենք ձեռնարկում», - ասել է Շոյգուն։

Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին՝ արևմտյան ռազմական դաշինքին միանալու համար։ Սկանդինավյան երկու երկրների երկարամյա չեզոքության կարգավիճակից հրաժարվելու պատճառը, ինչպես հայտարարել են, անվտանգության հետ կապված աճող մտահոգություններն են, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։ Ռուսաստանի նախագահն անցած օրերին հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն նախազգուշացրել է, որ Մոսկվան կպատասխանի, եթե դաշինքն ընդլայնի ռազմական ենթակառուցվածքները այդ երկրների տարածքներում։

Գերմանիայի նախկին կանցլերը լքում է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհուրդը

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը լքում է ռուսաստանյան «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհուրդը։ Այս մասին հայտնեց Ռուսաստանյան պետական ընկերությունը՝ առանց նշելու գերմանացի քաղաքական գործչի որոշման պատճառները։ «Ռոսնեֆտ»-ը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի նախկին կանցլերին «շարունակական աջակցության համար»:

Գերհարդ Շրյոդերը «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդում է 2007 թվականից, Ռուսաստանի իշխանությունների հետ իր սերտ կապերի պատճառով նա կոշտ քննադատության է արժանանում հայրենիքում, որտեղ նախօրեին պետության նախկին ղեկավարին զրկել են Բունդեսթագում գրասենյակից:

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որին քննադատում են Ռուսաստանի հետ սերտ կապերի համար, պետք է հրաժարվի Բունդեսթագի իր գրասենյակից, գերմանական աղբյուրների համաձայն՝ նման որոշում է ընդունել օրենսդիր մարմնի աշխատակազմը։

Գերմանական լրատվամիջոցները նշում էին, որ, այդուհանդերձ, 78-ամյա նախկին կանցլերը կշարունակի թոշակ ստանալ, օգտվել թիկնապահների ծառայությունից, ինչը նախատեսված է կառավարության նախկին ղեկավարների համար։

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շրյոդերը, ով կանցլերի պաշտոնում աշխատել է 1998-2005թթ., հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական կապերով: Պետական պաշտոնը թողնելուց հետո նա նախ աշխատում էր «Հյուսիսային հոսք» ռուս-գերմանական գազատարի շինարարությունն իրականացնող ընկերությունում, ապա՝ մինչ օրս, ռուսական «Գազպրոմ» գազային կոնցեռնում։

Մայիսի 19-ին Եվրամիության օրենսդիր մարմնի կողմից հավանության արժանացած բանաձևն էլ կոչ է անում պատժամիջոցներ սահմանել «ռուսաստանյան խոշոր ընկերությունների ղեկավարության եվրոպացի ներկայացուցիչների և քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր շարունակում են Ռուսաստանից փող ստանալ»։

«Ռուսաստանի պետական ակտիվներն Ուկրաինային փոխանցելու որոշումը կլինի բացահայտ թալան»

Օրերս Կրեմլը հայտարարեց, թե «Մեծ յոթնյակը» և Եվրոպական միությունը կդիմեն բացահայտ թալանի, եթե որոշեն Ռուսաստանի սառեցված պետական ակտիվները փոխանցել Ուկրաինային:

Այդպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, ով ասել է, թե պատրաստ է քննարկել «ռուսական առգրավված պետական միջոցները Կիևին փոխանցելու և դրանցով Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորելու հնարավորությունը»: «Ոչ ոք նման բան ռուսական կողմին կամ Կրեմլին չի ասել, և եթե լինի նման բան, ապա այդ որոշումը կլինի բացարձակ ապօրինի, աղաղակող և կպահանջի համապատասխան արձագանք, դա բացահայտ թալան կլինի»,- ասել է Պեսկովը:

Գերմանիայի ֆինանսների նախարարը նշել է, որ Եվրամիության և «Մեծ յոթնյակի» շրջանակներում քննարկում են այդ հնարավորությունը:

Ուկրաինայի վրա հարձակվելու կապակցությամբ արևմտյան երկրների բանկերում սառեցրել են Ռուսաստանի ակտիվները, դրամական միջոցները և արժեթղթերը: Ենթադրվում է, որ դրանց ընդհանուր գումարը հարյուր միլիարդավոր դոլարների է հասնում:

ԱՄՆ-ը և ԵՄ-ը կհամակարգեն գործողությունները՝ մեղմելու Ուկրաինայում պատերազմի հետևանքները

Եվրամիությունը և ԱՄՆ-ը պայմանավորվեցին հետագայում համակարգել իրենց գործողությունները՝ «մեղմացնելու Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի բացասական հետևանքները համաշխարհային տնտեսության համար»: ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի և ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները մի քանի օր առաջ հավաքվել էին Փարիզի Սակլե արվարձանում՝ քննարկելու համագործակցության հարցեր։ ԵՄ-ԱՄՆ Առևտրի և տեխնոլոգիաների հարցերով խորհրդի նիստից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում ասվում է, որ նրանք հավատարիմ են՝ «աշխատելու Ուկրաինայի հետ՝ վերականգնելու նրա տնտեսությունը և խթանելու առևտուրն ու ներդրումները»:

Երկուստեք բարձր է գնահատվել «արտահանման վերահսկողության ոլորտում աննախադեպ համագործակցությունը», որը, մասնավորապես, ուղղված է Մոսկվայի արդյունաբերական ու ռազմական ներուժի զարգացումը խոչընդոտելուն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3631 անգամ
Լրահոս
Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել․ «Փաստ» Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է 3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1 Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ» ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել. «Հրապարակ» #ՈՒՂԻՂ․ Սյունիքը արհամարհել ու մերժել է Նիկոլին․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից Խաչատուր Սուքիասյանը փող է, որ շփում է. «Իրավունք» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն ԵՄ-ն չի ցանկանում ակտիվորեն մասնակցել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին. Կալաս Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ» Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում Նա կարգին է, hույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Բաղայի Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է hարձակման ենթարկվել Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի «Օրը գա, աչքս տեսնի». ի՞նչ է խոստացել Ջերմուկի Արսենյանի որդին Փաշինյանին․ «Իրավունք» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞…. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ. «Հրապարակ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում ՔՊ-ականների ժեստերի հետ. «Փաստ» Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ» Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ» Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am