Ռուս-թուրքական լարված հարաբերությունները գնալով էլ ավելի կսրվեն. Ա. Պապյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, խոսելով Հայաստանի համար արտաքին քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի և ընձեռնված հնարավորությունների մասին, ասաց.«Մեր երկրի համար ներկայումս բացառիկ դրական վիճակ է ստեղծվել: Հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների այս սրման պայմաններում մենք կարող ենք մեր շահերն առաջ տանել: Սակայն ներքին ծանր վիճակը թույլ չի տալիս օգտվելու այդ և այլ հնարավորություններից»: Ըստ` Պապյանի ռուս-թուրքական լարված հարաբերությունները գնալով էլ ավելի կսրվեն, սակայն դասական իմաստով պատերազմ չի լինի: «Կընթանան ածանցյալ պատերազմներ, երբ ուժերը երրորդ երկրների տարածքում են իրականացնում գործողությունները»: Այս պայմաններում, ըստ քաղաքագետի, այն կոչերը, որ Հայաստանը չպետք է միջամտի, ճիշտ է, սակայն գործնականում՝ անհնար: «Ռուսական ռազմաբազա կա այստեղ, և հնարավոր չէ, որ մեր երկիրը մասնակցություն չունենա: Մյուս կողմից, Թուրքիան ինքը մեզ չի ընկալում որպես չեզոք կողմ: Միևնույն է՝ մեզ միշտ մեղադրելու են՝ որպես Ռուսաստանի դաշնակից, Ռուսաստանին պաշտպանող»,-նշեց բանախոսը:
