Սոչիում Ալիևն ու Պուտինը քննարկել են ԼՂ խնդիրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման, այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։ Հանդիպման ժամանակ Պուտինն ու Ալիևը «ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերի առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացումը»։ Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նրանք վստահություն են հայտնել առ այն, որ «բարեկամական ու ռազմավարական գործընկերային կապերը կզարգանան նաև հետագայում», նշվում է հաղորդագրությունում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր kremlin.ru-ն, Պուտինը նկատել էր, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, և հույս էր հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն: ՌԴ ղեկավարը հավելել էր, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի: Ալիևն իր հերթին ասել էր, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակով:
