Ժիրայր Սեֆիլյանը գրություն է ուղարկել
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց 1 ժամով, քանի որ պաշտպաններ Արա Զաքարյանը և Նինա Կարապետյանցը լքեցին նիստերի դահլիճը՝ հրաժարվելով առանց պաշտպանյալների մասնակցել նիստին:Նիստը ընդմիջվելուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը կարդաց ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ուղերձը, որը իրեն այսօր էին փոխանցել։ Սեֆիլյանը կոչ է արել հանրությանը՝ մասնակցել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող՝ Սասնա ծռերի դատերին ու սատար կանգնել նրանց։ «Սիրելի ժողովուրդ, ինչպես մեկ տարի առաջ, այսօր եւս ստեղծվել է հնարավորություն ժողովրդային համախմբման եւ եթե մեկ տարի առաջ այն տեղի էր ունենում ոստիկանների գնդում՝ «Սասնա ծռերի» բարձրացրած ապստամբական դրոշի շուրջ՝ Խորենացի փողոցում ու Սարի թաղում, ապա այսօր դա պետք է կատարվի դատարանի շենքի շուրջ, որտեղ գտնվում են ապստամբական դրոշը անսասան պահած մեր երկրի ու ժողովրդի համար անձնազոհության պատրաստ արդարադատության եւ անկախության նվիրյալները։ Կոչ եմ անում դատավարության օրերին մեր բազմությամբ հավաքվել դատարանի շենքի մոտ եւ ժողովրդի ներկայության բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը եւ գաղութային ոստիկանությանը ստիպել, պարտադրել ազատ արձակել մեր ռազմագերիներին, մեր բոլորի շառ սիրելի «Սասնա ծռերին»։ Ժիրայր Սեֆիլյան, 21.07.2017»։
