«Պողոսյանին դանակահարելուց հետո նա հարձակվել է նաև աշխատակցուհու վրա». նոր մանրամասներ
Հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ինքը 30 տարի զբաղվում է փսիխոթերապիայով և նման բան առաջին անգամ եմ լսում։ Նման հիվանդները նույնիսկ վեճ չեն ունենում, հարաբերություններն այնքան ներդաշնակ են, որովհետև առանց այդ հարաբերությունների՝ ի՞նչ այցելություն: Սպանված հոգեբան Ռուբեն Պողոսյանն իրենց ամբիոնի պրոֆեսոր էր, ուներ փսիխոթերապիայի 20 տարվա փորձ, պրոֆեսիոնալ էր։ «Նա մեղմ, հանգիստ, հոգատար, ջերմ անձնավորություն էր»,- ասաց նա։ «Այդ հիվանդի ագրեսիվ վարքը կարող էր պայմանավորված լինել այլ հանգամանքով:Դրսում կամ ընտանիքում, մի ուրիշ իրավիճակում խոշոր սթրես է եղել մարդու հետ, ինչը նրա մեջ յուրահատուկ աֆեկտիվ վիճակ է ստեղծել, և իր ագրեսիան թափել է նրա վրա, ում վրա կարողացել է։ Այստեղ հետաքրքիր է, որ այդ տղան հարձակվել է նաև աշխատակցուհու վրա։ Այսինքն՝ Պողոսյանին դանակահարելուց հետո նա հարձակվել է նաև աշխատակցուհու վրա, ով նրան հարվածել է, որից հետո սա փախել է։ Այսինքն՝ ներքին ագրեսիվության ինչ-որ պոռթկում կարող է եղած լինել։ Իհարկե, հետաքննությունը ցույց կտա։ Կարող է զուտ կենցաղային էլ ինչ-որ հարց լինել, օրինակ՝ պահանջներ հոգեբանից կամ հիմնարկից․ հետաքննությունը ցույց կտա»։ Հոգեբանն ընդգծեց, որ հիվանդի ախտորոշումն էլ հայտնի չէ, որովհետև ախտորոշումն իմանում է հենց ինքը՝ հիվանդին բուժող մասնագետը. «Բայց այն, որ հայտարարվեց՝ նա հոգեբույժի վերահսկողության տակ է, դեղորայքային բուժում է ստանում, նշանակում է, որ հոգեկան հիվանդության հետ գործ ունենք։ Հետաքրքիրն այն է, որ նա 3 տարի այցելել է Ռուբեն Պողոսյանին, այդ երեք տարվա ընթացքում ի՞նչ եղավ հենց այդ օրը, այդ ինչպե՞ս եղավ։ Վճարումն այնպես չէ, որ դու ամբողջ կուրս ես վերցնում, վճարում ես ամեն հանդիպման համար։ Այսինքն՝ եթե 3 տարի մարդը եկել է, ուրեմն՝ գտել է, որ այդ մարդն իրեն օգնում է, իրեն պետք է, և ջերմ հարաբերություններ պետք է որ հաստատված լինեն։ Դրական կապը եղել է, հակառակ դեպքում նա 3 տարի հաստատ չէր այցելի, և ես ենթադրում եմ, որ նրա մոտ գիտակցության խանգարում՝ աֆեկտիվ վիճակ կարող է եղած լինել»։
