Նորամուծություն տրանսպորտի սպասարկման ոլորտում
Կառավարության այսօրվա նիստում Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը բերել էր Մատենադարան ինստիտուտը, որը ՊՈԱԿ-ի կարգավիճակ ուներ, հիմնադրամ կազմավորելու նախագիծը։Այդ կարգավիճակում կբարձրանա Մատենադարանի ինքնավարությունը, նորամուծությունն այն է, որ առաջին անգամ իրավական ակտով ամրագրվում է, որ Մատենադարանի տնօրինության եւ տիրապետմանը հանձնած գույքը հանդիսանում է պետության բացառիկ սեփականություն,ասաց նախարարը: Վարչապետը հանձնարարականներ տվեց լիցենզավորման ոլորտի վերաբերյալ: Ըստ նրա՝ կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85: Իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպոսւթյունների:Ըստ Կարեն Կարապետյանի, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ:«Մասնավորապես, կան իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն: Ավելին, որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմները կամ մեկ պատուհանի հնարավորությունը: Հաշվի առնելով կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու և ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու գործողությունների ծրագիր», ասաց վարչապետը: Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ հաստատմանը ներկայացրեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը։ «Կանխատեսելու ենք ուղեւորահոսքերը, դրանց համապատասխան որոշվելու է մարզային երթուղիների չվացուցակ»,-ասաց նախարարը։ Ովքեր են այդ նախագծի շահառուները եւ արդյոք նրանց հետ քննարկվել է,հարց ուղղեց վարչապետը, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ Հայաստանի գործող տրանսպորտային ընկերությունների հետ խոսել է, նաեւ հայտնեց, որ շուտով կհայտարարվի մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային ընկերությունները։
