Փաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունը․ Արթուր Վանեցյան (video)
Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան, որն սկսել ենք ապրիլի 17-ից, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, հայ-թուրքական հարցերին վերաբերող քննարկումներ, դասախոսություններ։ Օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության կիրականացնենք այս կամ այն ակցիան»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Վանեցյանն ասաց, թե կիսում է դիտարկումները, որ հարաբերությունների հավանական կարգավորման դեպքում կսառեցվի Ցեղասպանության ճանաչման գործընթացը։
«Ականատես ենք լինում, որ թուրքական իշխանություններն ասում են, թե եթե հայերն ուզում են կարգավորել մեզ հետ հարաբերությունները, պետք է հրաժարվեն Ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։ Եվ, առհասարակ, ոչ ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ ՀՀ-ն պահանջատեր է և անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների գործընթաց, և կարծում եմ, որ եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման նաև այդ փոփոխությունը կանեն», - ասաց Արթուր Վանեցյանը։
