Արայիկ Խանդոյանի պաշտպանը, ցավոք սրտի, բոլոր նիստերին մասնակցում է. Դատավոր Արտուշ Գաբրիելյան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվողներից 14-ի գործով արտագնա դատական նիստի ժամանակ դատական նիստը ևս մեկ անգամ ընդմիջվել է պաշտպանների վարքը քննելու և որոշում կայացնելու համար, որովհետև պաշտպաններ Աննա Ջուվանովան, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Հրանտ Գևորգյանը, Արա Ղարագյոզյանը, Արմինե Ֆանյանը, Տիգրան Հայրապետյանը, Հարություն Բաղդասարյանը և Ինեսսա Պետրոսյանը բոյկոտել էին նիստն ու լքել նիստերի դահլիճը:Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց նշված իննը պաշտպանների նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով Փաստաբանների պալատ: Դատարանը Շուշանյանի և Զաքարյանի պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանին հարցրեց, թե արդյոք ցանկանում է այլ պաշտպաններ ունենալ, ինչին Վարուժան Ավետիսյանը պատասխանեց.«Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում, չեմ ուզում այլ պաշտպաններ ունենալ, եթե տանում եք նրան, որ ի վերջո փորձեք հանրային պաշտպան պարտադրել, դա չի լինի»: Արեգ Կյուրեղյանը ևս նշեց, որ իր պաշտպանից չի հրաժարվում: Ամբաստանյալ Եղիազարյանը նույնպես պնդեց, որ ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնեն Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը: Անդրադառնալով Արայիկ Խանդոյանի պաշտպաններին, որոնց նկատմամբ նույնպես սանկցիա է կիրառվել, դատավորն ասաց.«Արայիկ Խանդոյանի պաշտպանը, ցավոք սրտի, բոլոր նիստերին մասնակցում է: Այ լավ կլիներ, որ բոլոր պաշտպանները նրա նման ներկայանային, որ անտեղի նիստերը չհետաձգվեն»:
