«Բաբլոյանը պետք է դուռը շրխկացներ, գար այստեղ, արտակարգ նիստ գումարեր, քանի որ մեզ հայհոյել են». Ազատ Արշակյան
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր հայելի ակումբում կարծիք հայտնեց, որ նման առաջարկ եղավ ՌԴ Պետդումայի խոսնակի կողմից, որովհետև նրանք մեզ որպես պետություն չեն ճանաչում: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր, որ Հայաստանի իշխանությունները երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրեն ռուսերեն լեզվին: «Նրանք իրենց աբորիգենին էին դիմում, այսինքն՝ հարգանք, արժանապատվություն չկա: Եթե Բաբլոյանն արժանապատվություն ունենար, պետք է դուռը շրխկացներ, գար այստեղ, արտակարգ նիստ գումարեր, քանի որ մեզ հայհոյել են: Նրանք արհամարհում են մեզ, պետություն ու ազգ չեն համարում»,- ասաց նա: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ առաջարկը հիմարություն համարեց. «Եթե իրենք գտնում են, որ Ռուսաստանում վթարների մեծ մասը տեղի է ունենում լեզու չիմանալու պատճառով, ապա՝ դուք, ձեր երկիրը, վարորդական իրավունք տալու համար անցկացրեք քննություններ»:
