Նախագահ Սարգսյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան և Աշտարակի վերակառուցված մարզադպրոց
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 19-ին առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նա այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման և երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկվող նախագծերին, որոնք միտված են խթանելու նաև զբոսաշրջությունն այդ տարածաշրջանում:
Առաջարկներից մեկը վերաբերել է գիտակրթական կենտրոնի ստեղծմանը, որի գործունեությունը հիմնված կլինի հայկական վիրտուալ աստղադիտարանի միջոցով ժամանակակից եղանակներով աստղագիտության ուսուցման գաղափարի վրա։
Հանրապետության նախագահի այցի ժամանակ քննարկվել են նաև աստղադիտարանի կողմից Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի և նրա կանոնակարգի փոփոխման մասին առաջարկությունները, որոնք նպատակ ունեն մրցանակը դարձնել Հայաստանի համար է՛լ ավելի օգտակար և արդյունավետ:
Բյուրականի աստղադիտարանից հանրապետության նախագահը մեկնել է Աշտարակ քաղաք, որտեղ ներկա է գտնվել վերակառուցված և հիմնանորոգված Հայաստանի «Սևան» մարզական հասարակական կազմակերպության մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը:
Աշտարակի մարզադպրոցի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մեկնարկած ծրագիրն ավարտվել է 2017թ. հուլիսին: Ծրագրի արժեքը շուրջ 463 մլն դրամ է:
Պատասխանատուների հավաստմամբ, վերակառուցված մարզադպրոց կարող են հաճախել Աշտարակի և հարակից համայնքների շուրջ 350 մարզիկներ, դպրոցում կգործեն ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի, վոլեյբոլի, բռնցքամարտի, ֆուտբոլի, բասկետբոլի և ծանրամարտի խմբակներ:
