Արցախի նախագահի ընտրություններ. 28 պատգամավոր կքվեարկի Բակո Սահակյանի օգտին, 4-ը՝ Էդուարդ Աղաբեկյանի
Արցախի Հանրապետության խորհրդարանում հրավիրված հատուկ նիստում, որտեղ պետք է ընտրվի Հանրապետության նախագահ, մասնակցել է 32 պատգամավոր, 1-ը բացակայել է։ «Ազատության» փոխանցմամբ՝ 28 պատգամավորներ նախապես հայտարարել են, որ քվեարկելու են Բակո Սահակյանի օգտին, իսկ 4 պատգամավոր կքվեարկի ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանի օգտին։ Խորհրդարանում ելույթով է հանդես եկել նախագահի թեկնածու, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, խորհրդարանում «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։ Նա խոսել է ապրիլյան իրադարձություններից ու նշել, որ, մինչ ապրիլյան իրադարձությունները, քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների հարցն ու այնտեղ կառավարման մոդելի փոփոխության հարց չի եղել, հետո է ներառվել։ Նախագահի ընդդիմադիր թեկնածուն վտանգավոր է համարել, որ փորձ է արվում խմբակցությունների կողմից, ովքեր առաջադրել են Բակո Սահակյանին, նրան անփոխարինելի դարձնելը։ Նա նշել է, որ դա սխալ է ու պետության ղեկավարը պետք է պարբերաբար փոխվի։ Էդուարդ Աղաբեկյանը խոսել է նաև արտաքին քաղաքականությունից՝ պնդելով, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ։ Նախագահի թեկնածուն ընդգծել է, որ Արցախը պետք է շարժվի «Ազգ-բանակ» մոդելով։ Ելույթով է հանդես եկել նաև գործող նախագահ Բակո Սահակյանը, որը շնորհակալություն է հայտնել այն պատգամավորներին, ովքեր իր թեկնածությունն են առաջադրել։ Նա նշել է, որ պատարստ է կրկին ստանձնել նախագահի լիազորությունը, քանի որ հասկանում է՝ Ղարաբաղին կայունություն է պետք։ Բակո Սահակյանը խոսել է իր ղեկավարծ տարիների ընթացքում եղած ձեռքբերումներից, նշել է, որ պետությունը պաշտպանական ոլորտին մեծ տեղ է տվել ու կշարունակի նույն գործելաոճը։
