G20-ի շրջանակներում Թրամփը և Պուտինը երկրորդ լիարժեք հանդիպում չեն ունեցել
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնում է,որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը կարճատեւ զրույց են անցկացրել Համբուրգում «քսյանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ընթրիքի վերջում: «Այսպես կոչված երկրորդ հանդիպում նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի միջեւ չի եղել, եղել է կարճատեւ զրույց ընթրիքի վերջում»,- ասել է Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչը: Նա նաեւ նախագահների երկրորդ հանդիպման փաստը թաքցնելու փորձի մեղադրանքները որակել է «ստահոդ, ստոր եւ անհեթեթ»: Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ հավաստել է, որ ընթրիքում նախագահների զրույցի ժամանակ ներկա է եղել սոսկ ռուսաստանցի թարգմանիչը, քանի որ ԱՄՆ-ի ղեկավարի թարգմանիչը ռուսերենին չի տիրապետել: «Դա ոչ միայն իրոք բացարձակապես նորմալ է, դա պետությունների ղեկավարների հետ փոխգործակցելու՝ նախագահի պարտականությունների մի մասն է»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Թրամփը քննադատել է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներին, որոնք Պուտինի հետ իր զրույցը որակել են «գաղտնի ընթրիք»՝ այդ հրապարակումները բնորոշելով որպես սարսափելի:
