Նպատակը՝ վեհ է. Պուտինը կշարունակի պատերազմը

Պուտինը կրկին վստահեցնում է իր հաղթանակի մեջ, Զելենսկին` ահազանգում Դոնբասում սպասվող հարձակման մասին

Մինչ Արևմուտքը խոսում է Դոնբասում սպասվող խոշոր ճակամարտի, ռուսական բանակի պատերազմական հանցագործությունների ու պատժամիջոցները խստացնելու մասին, Ռուսաստանի նախագահը այսօր կրկին պնդել է, թե վստահ է իր հաղթանակի մեջ։ «Այդպես էլ կլինի: Կասկած չկա։ Նպատակները միանգամայն հասկանալի են, դրանք վեհ են։ Հիմնական նպատակը Դոնբասի մարդկանց օգնելն է: Մեզ ստիպեցին դա անել, քանի որ Կիևի իշխանությունները՝ Արևմուտքի կողմից դրդված, հրաժարվեցին կատարել խնդիրների լուծմանն ուղղված Մինսկի համաձայնագրերը», - ըստ «Ազատության» ասել է Պուտինը:

Ընդ որում, «հատուկ օպերացիայի» մասին խոսելիս Կրեմլի ղեկավարն այսօր ընդգծել է, որ այն ընթանում է ոչ թե Ուկրաինայի ողջ տարածքում, այլ Դոնբասում։
Ավելի քան մեկուկես ամիս շարունակվող պատերազմի ընթացքում լրագրողներից ու լրատվամիջոցներից խուսափող Պուտինն այս մասին խոսել է Տիեզերագնացության օրը` այցելելով «Վոստոչնի» տիեզերակայան։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Արևմուտքի պատժամիջոցների տակ ընկած մյուս առաջնորդը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ինքը՝ Պուտինը, Արևմուտքի աննախադեպ պատժամիջոցների մասին ուղիղ չի խոսել, բայց պնդել է, թե անհնար է Ռուսաստանը մեկուսացնել։ Նրա փոխանցմամբ` ժամանակակից աշխարհում որևէ երկրի հնարավոր չէ կոշտ պայմաններով մեկուսացնել, իսկ Ռուսաստանի նման հսկա երկրին՝ առավել ևս. «Այդ իսկ պատճառով մենք կաշխատենք մեր գործընկերների հետ, որոնք ուզում են համագործակցել»։ Թե որ երկրների մասին է խոսքը, և որ գործընկերներն են պատրաստ շարունակել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, Պուտինը չի հստակեցրել։
Մինչ այդ Ուկրաինայի նախագահը շարունակում է պնդել, որ ռուսական բանակը պատրաստվում է այս շաբաթ կտրուկ հարձակման անցնել Դոնբասի հյուսիսում և հարավում։

Ռազմական վերլուծաբանները կանխատեսում են, որ Դոնբասում կայանալիք մարտերը թեժ են լինելու, ամենամեծը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այժմ երկու կողմերն էլ իրենց ուժերը տեղափոխում են ճակատամարտի տարածք։ Պատերազմի սկզբունքորեն նոր փուլ պետք է սկսվի, և ռուսական կողմը ամեն ինչ կանի մինչ մայիսի ինը` Հաղթանակի օրը մեծ, շոշափելի հաջողություն արձանագրելու համար, գրում են վերլուծաբանները` հավելելով, թե հակառակ դեպքում նույնիսկ քարոզչության զոհ դարձած շարքային ռուսաստանցիները կտեսնեն, որ Պուտինի ծրագրերը իրականում տապալվել են։

Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը, օրինակ, համոզված է Ուկրաինայում ռուսական կողմի պարտության մեջ. «Այժմ Պուտինի և Շոյգուի փայլուն բանակն ակնհայտորեն տանուլ է տալիս Ուկրաինայի հետ բախումը։ Եթե հաղթեր, այս ամբողջ գործողության հրամանատարին փոխելու կարիք չէր լինի։ Եվ սա հենց այն է, ինչ մենք տեսանք երեկ։ Այսպիսով, Պուտինը պարտվում է, ինչպես կանխատեսվում էր, Պուտինը ռազմավարական պարտվող է: Պարզապես դա դեռ չի գիտակցվում Ռուսաստանի բնակչության կողմից, բայց սա մի քանի ամսվա խնդիր է»,- «Ազատության» Настоящее время ծրագրին ասել է քաղաքագետը` հավելելով, թե Կրեմլն այսօր իր աշխարհաքաղաքական ամբիցիաներն իրագործելու ռեալ ռեսուրսներ չունի:

Ռուսաստանի նախագահը վճռական է շարունակելու պատերազմը Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Ուկրաինայում «աճեցված հակառուսական ուժերի» հետ բախումն անխուսափելի էր, այն պարզապես ժամանակի հարց էր։ Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այցելել է «Վոստոչնի» տիեզերակայան, որտեղ աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է․- «Ուկրաինան սկսել էին վերածել հակառուսական պլացդարմի, սկսել էին սնուցել վաղուց այնտեղ առկա ազգայնականության և նեոնացիզմի ծիլերը: Հատուկ աճեցրել են նեոնացիզմի ճյուղեր և այդ ուժերի հետ Ռուսաստանի բախումն անխուսափելի էր, նրանք միայն ժամանակ էին ընտրում հարձակման համար»,- պնդել է Պուտինը, նշելով, թե հատուկ ռազմական գործողության «վեհ նպատակը» Դոնբասի բնակիչներին օգնել է, ինչպես նաև ապահովել Ռուսաստանի անվտանգությունը։ «Ակնհայտ է, որ ուրիշ ընտրություն մենք չունեինք, սա է ճշմարտությունը։ Իսկ այն, որ նպատակները ձեռք կբերվեն, որևէ կասկած չկա»,- ըստ «Ազատության» հայտարարել է Պուտինը։ Նա «Վոստոչնի» էր գնացել տիեզերագնացության օրվա կապակցությամբ ու պարգևներ է հանձնել աշխատակիցներին։

Ուկրաինան ստուգում է ռուսական ուժերի կողմից ֆոսֆորային զենք կիրառելու կասկածները

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Հաննա Մալյարն այսօր ասել է, որ զինվորականներն ուսումնասիրում են Մարիուպոլում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո մի խումբ մարդկանց շնչառական և նյարդաբանական հիվանդությունների պատճառները։ Հեռուստատեսության հարցազրույցում նա այսօր ասել է, թե վարկած կա, որ դա կարող է ֆոսֆորային զենքի հարձակման հետևանք լինել։ Նա նշել է, որ պաշտոնական հաղորդագրություն ավելի ուշ կլինի։ Ֆոսֆորներ պարունակող զինատեսակը քիմիական զենք չի համարվում, այն հրկիզող զենքի տեսակ է, որի կիրառումը անօրինական չէ, բայց ամեն դեպքում Ժնևյան կոնվենցիաներով բնակչության դեմ ցանկացած զենքի օգտագործում արգելված է։ ԱՄՆ-ն և Բրիտանիան ասել են, որ կստուգեն ռուսական ուժերի կողմից նման զենք կիրառելու կասկածները։

Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ Մարիուպոլում ուկրաինական ուժերը շրջափակումը ճեղքելու անհաջող փորձ են կատարել 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ գիշերը Մարիուպոլի «Իլյիչի» գործարանում շրջափակված ուկրաինական ուժերը փորձել են ճեղքել շրջափակումը, բայց նրանց փորձը ձախողվել է։ «Ուկրաինայի շուրջ 100 զինվորականների խումբը զրահամեքենաներով փորձել է մարտերով դուրս գալ գործարանի տարածքից և հյուսիսային ուղղությամբ հեռանալ քաղաքից։ Հրետանու և ավիացիայի հարվածներով այդ փորձը կասեցվել է։ Ոչնչացվել է ուկրաինական 3 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա, 7 ավտոմեքենա և մինչև 50 զինվորական։ Եվս 42 ուկրաինացի զինվորականներ վայր են դրել զենքը և հանձնվել», - ըստ «Ազատության» ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը։ Պատերազմի պայմաններում կողմերի հայտնած տվյալներն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2787 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am