Ադրբեջանցիները մեզ զրկում են մեր պատմական ինքնությունից, որպեսզի հեշտ լուծեն արցախահայությանը տեղահանելու խնդիրը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի»-ի զրույցը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

-Սրբազան Հայր, խնդրում եմ տեղեկացնել՝ Դադիվանքում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորների ծառայության հետ կապված ի՞նչ խնդիրներ են առկա։ Օրեր առաջ մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում ահազանգել էիք, որ երկու շաբաթ կապ չեք կարողացել հաստատել մեր հոգեւոր սպասավորների հետ։

-Ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո, կապն առկա է, կարողանում ենք նաեւ սնունդ մատակարարել։ Ամեն ինչ լավ է, տղաներն իրենց լավ են զգում, ինչպես զինծառայողներն են ասում՝ բարոյահոգեբանական վիճակը լավ է։

-Փաստացի, նախորդ տարվա մայիսից Ադրբեջանն արգելում էր հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Ի վերջո, հիմնավոր բացատրություն ներկայացվե՞ց։ Իրավիճակում տեղաշարժ կա՞։

-Ոչ, իրենք որեւէ պատճառ չեն բերել։ Չեն ուզել՝ չեն արել, այդքան բան։ Կարճ ասած՝ «մեր տարածքն է, մենք այդպես ենք ուզում»... Եթե ամեն ինչ լավ լինի, կիրակի հնարավոր է ուխտագնացություն կազմակերպեմ՝ զատկական պատարագին մասնակցելու։ Աղոթեք, որ ստացվի։ Այո, արգելքից հետո սա առաջին այցն է լինելու։ Եթե ստացվի զատկական մեծ պատարագի գնալ, ուխտագնացություն անել, դա հրաշալի իրադարձություն է լինելու բոլորիս համար։

-Իսկ առհասարակ Դադիվանքի կենսունակությունը բարձր պահելու հարցում ի՞նչ խնդիրների եք բախվում։

-Խնդիր, որպես այդպիսին, չունենք։ Խնդիրն այն է, որ իրենց մշակույթի «պատասխանատուներն» ու «արեւելագետները» պնդում են, թե Դադիվանքն ուդիական, աղվանական եկեղեցի է, թե իրենցն է։ Նման խոսակցությունների մեջ է նաեւ այնտեղի ռուսական եկեղեցու հոգեւորականը։ Նա պնդում է իրենց դիրքորոշումը՝ առանց իմանալու ճշմարտությունը։ Դե, հայտնի է իրենց մոտեցումը, այն մշտապես կառուցողական չէ։ Հակառակը, միշտ ձգտում են լարվածություն ստեղծել եւ դրանում իրենց համար օգուտ քաղել։

-Սրբազան հայր, Ադրբեջանի մշակույթի նախարարն այս տարվա փետրվարին հայտարարեց, թե հատուկ հանձնաժողով են ստեղծել, որպեսզի այսպես կոչված «աղվանական կրոնական տաճարներից» հեռացնել տան «հայերի թողած կեղծ հետքերը»։ Նման հրահանգ փաստացի նաեւ Ադրբեջանի ղեկավարն է բացահայտ հնչեցրել։ Ո՞րն է ձեր գնահատականն Ադրբեջանի նման զեղծարարության քաղաքականության առիթով։

-Իրենց մտածումը հայտնի է՝ ոչնչացնել հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրերը, որպեսզի ցույց տան աշխարհին, թե իրենք արցախցիներին իբր թույլ են տվել ապրել այդտեղ, իսկ այսօր թույլ չեն տալիս։ Այսինքն, զրկում են մեր պատմական ինքնությունից, որպեսզի հեշտ լուծեն արցախահայությանը տեղահանելու խնդիրը։ Իրականությունն այլ է. մենք մեր հողում եւ երկրում ենք ապրում, հուշարձաններն էլ՝ վանքերը, եկեղեցիները, մեր հայրերի ձեռքի, մտքի եւ աղոթքի արդյունքն են։

-Պատերազմից մինչեւ օրս միջազգային հանրության արձագանքը որքանո՞վ եք բավարար համարում այս խնդրի վերաբերյալ։

-Եթե լուրջ կազմակերպություններին նկատի ունենանք, ապա չբարձրաձայնեցին՝ բացառությամբ հպանցիկ, տողատակերով ասված հայտարարությունների։ Բայց որ լրջորեն, որպես հուշարձանների, որպես աշխարհով մեկ պատմամշակութային արժեքների կրողներ եւ պաշտպանողներ՝ ձեռքները չխփեցին սեղանին... ինչպես Ջուղայի խաչքարերից հետո, այնպես էլ հիմա՝ ձայն չհանեցին, այդպես էլ շարունակվում է։ Շատերը կրավորական դիրք են ընդունել կամ ավելի անխոս են։ Կարծում եմ՝ սա ապացույցն է նրա, որ արժեհամակարգն իր տեղից շեղված է։ Չեմ կարծում, որ նման կառույցների հանդեպ պետք է սպասողական վերաբերմունք ունենանք ու տարեկան պետբյուջեից վճարումներ անենք, որպեսզի ապրեն, բայց ոչինչ չբարձրաձայնեն։

-Եթե կրկին դիտարկենք նախորդ մեկ տարին, ապա Ադրբեջանը մի ձեռքով կրակում է, էթնիկ զտումների ենթարկում հայությանը, ոչնչացնում ամեն հայկական եւ քրիստոնեական արժեք, մյուս ձեռքն էլ մեկնում է այսպես կոչված խաղաղության համար։ Ի՞նչ կասեք թշնամու վարքագծի մասին։

-Ես տեսել եմ երեք պատերազմները. լավագույնս կարող եմ բնորոշել, որ իրենք դեպի վատն են գնացել։ Գուցե դա իրենց համար լավ է, բայց մենք, որպես պատմություն եւ մշակույթ կրող ժողովուրդ, ականատես ենք, որ 21-րդ դարում իրենք ոչ թե մոտենում են քաղաքակրթությանը, այլ շարունակում վանդալիզմը, վայրենիությունը։ Երկու պատերազմներից հետո եթե անգամ իրենց տարածքում պատմամշակութային արժեքներ մնացել էին ու դրանց վերապահումներով էին մոտենում, ապա այսօր արդեն իրավիճակը լրիվ ուրիշ է. չգիտեմ անգամ ինչպե՞ս բնորոշել՝ սարսափելի երեւույթ է։ Խաչը տեսնելով՝ միանգամից ընկղմվում են ատելության, ջարդուփշուր անելու մեջ... ուրեմն, սա իրենց մոտ ձեւավորված եւ լուրջ ծրագիր է։

-Եվ վերջում կխնդրեի հղել Ձեր ուղերձը՝ պարբերաբար ադրբեջանական ուժի սպառնալիքի եւ վտանգների ներքո ապրող արցախահայությանը։

-Այսօր Ավագ երկուշաբթի է, Մեծ պահքի մեջ ենք. մեր կայքի եւ «ֆեյսբուքյան» էջի միջոցով միասնական աղոթքի կոչ ենք հղել մեր ժողովրդին։ Ժողովուրդը շատ լավ է ընդունել։ Ամեն օր երեկոյան 19:00-ին Արցախի բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք է՝ ի փրկություն Արցախ աշխարհի եւ հանուն նրա հոգեւոր, ֆիզիկական անվտանգության, այստեղ անվտանգ արարելու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am