Երջանկության չափումներն ըստ Պերճ Զեյթունցյանի

Մարդիկ կան` անհատներ, որոնցով չափվում ու կշռվում է նաև քո երկրի անցած ժամանակը: Կամ այն ժամանակահատվածը, որի մեջ ապրել ու աշխատել է նա: Նրանցից է հայ գրականության կաղնիներից մեկը՝ Պերճ Զեյթունցյանը: Նա նաև այնքանով է մեր ժողովրդի վայրիվերումներով հարուստ վերջին հարյուր տարիների ուղեկիցը, որքանով ոչ միայն ապրել է իր ժողովրդի ցավն ու հաղթանակը, դարձել է մասնակիցը նրա անկումների ու վերելքների, նրա խոտորումների ու ճշմարիտ ընթացքի կերտողներից է եղել, այլև այդ ամենը դարձրել է գրականության նյութ ու հանձնել սերունդներին: Նրա` Պերճ Զեյթունցյանի ստեղծագործություններով նաև վաղվա հայը կտեղեկանա, թե ինչ է եղել այսօր: Նաև ինչ է մտածել այն քաղաքացին, որն ապրել է ազգային ողբերգության` ցեղասպանության ժամանակներում: Նաև ժամանակներում, երբ նույն այդ ցեղասպանված ժողովուրդը կարողացավ երեք անգամ դնել իր պետականության հիմքերը, ողնաշարը ուղղել ու ձգտել ապրել այլևս այլ կերպ` լինել ուժեղից ուժեղ: Եվ մեկընդմիշտ մերժել ցանկացած ազգային պարտություն: Պերճ Զեյթունցյանը հենց այն մարդն է, ով իր գրականությամբ սերունդներին ներշնչել է այս` այլևս չպարտվելու, այլևս չկոտրվելու, պինդ ու անվարան իր տեղում մնալու գիտակցությունը: Քանզի ամեն անկում նոր հարթակ է վեր բարձրանալու համար: Սա միայն անհատների մակարդակով չէ, նաև հանրությունների, տվյալ դեպքում` ազգի ու ժողովրդի: Որովհետև պարտության ցավը իմաստնության դռներ է բացում քո առաջ, և դու այլևս այն չես, ինչ երեկ էիր: Երեկ վարպետի` Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն էր: Շնորհավորում ենք նրան, մաղթում ենք քաջառողջություն, խաղաղ ու երջանիկ կյանք: Եվ այս պատեհ առիթով ներկայացնում ենք գրողի հետ մեր հարցազրույցներից մեկը` հնարավորություն ընձեռելով ընթերցողին ևս մեկ անգամ հաղորդակից լինելու նրա խոհերին ու մտածումներին: – Պարոն Զեյթունցյան, տարիների բարձրությունից ինչպե՞ս է աշխարհը երևում: – Առայժմ այդ բարձրությունից չեմ էլ ուզում նայել աշխարհին: Աշխարհն անընդհատ փոխվում է և, չէի ասի` միշտ դեպի լավը: Նաև դեպի վատն է փոխվում: Իմ կյանքում ամենակարևոր բանը, որ տեղի ունեցավ, Հայաստանի անկախացումն էր: Իսկ ամենաերջանիկ տարին 1988–ն էր, երբ լավայի պես ժայթքեց հայ ժողովրդի կամքը: Այդ թիվը երբեք չեմ մոռանա: Այնպես որ, երբ այդ տարիքի բարձրությունից եմ նայում, ահագին բան է երևում, նույնիսկ` վախենալու չափ շատ: – Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: – Օբյեկտիվորեն եթե նայեմ` երևի թե. ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, թոռներ: Զբաղվում եմ սիրած գործով: Կարծես այդ գործի մեջ հաջողություններ էլ ունեմ: Ինչո՞ւ պետք է երջանիկ ինձ չզգամ: Բայց երջանկության զգացողությունը պահ է տևում: Այն պահի բան է: Ընդհանրապես կյանքն ընթանում է սովորական հունով: Սովորական օրեր են` գումարվում են իրար և դառնում են կյանք: Մոպասանն ասում է` կյանքը ոչ այնքան լավն է, և ոչ էլ այնքան վատը, որքան թվում է: Այս բանաձևը ամենաճշմարիտն է: – Գուցե երջանիկ լինելն ավելի շատ կենսակե՞րպ է: Ասում են` կարո՞ղ ես` եղիր երջանիկ: – Ինձ համար կենսակերպ չէ: Ես այն տեսակին չեմ պատկանում, երբ մարդ ի ծնե իրեն երջանիկ է զգում, ի ծնե լավատես է: Երջանկությունն ինձ համար միայն անձնական հասկացություն չէ: Թող մեծ խոսքեր չթվան, բայց ամեն մտածող, զգացող մարդ իրեն երջանիկ է զգում, երբ երջանիկ է նաև իր շրջապատը: Երբ երջանիկ է նաև իր ժողովուրդը, իր երկիրը: Ազնիվ խոսք, դրանք կապված են իրար հետ: Հնարավոր չէ երևակայել, որ գրողի համար երջանկությունը չափվում է միայն իր կյանքով: Ոչ: Այն շատ չափումներ ունի: – Գրականությունը գրողին հեռացնո՞ւմ է կյանքից: – Ինչո՞ւ պետք է հեռացնի: Ընդհակառակը` մոտեցնում է: Նույնիսկ խրում է կյանքի մեջ: Խորացնում–թողնում է կյանքի մեջ: Գրողի համար նյութը կյանքն է: Եթե կյանքը նյութ չտա, գրականություն չի լինի: – Գրականությունը մարդուց չի՞ խլում նրա ապրելու հնարավորությունը: – Ընդհակառակը. գրողը կրկնապատիկ է ապրում: Եվ իր կյանքով է ապրում և ապրում է իր հերոսների մեջ: Մեկ օրը դառնում է երկու օր: – Կյա՞նքն է արժեքավոր, թե գրականությունը: – Անշուշտ` կյանքը: Կյանքն անպարփակելի հասկացություն է: Իսկ գրականությունն ի վեջո սահմաններ ունի: Կյանքը շատ ավելի խորն է, ավելի բարդ է: Անգամ հանճարեղ գրողները երևի թե չեն կարողանում կյանքի իմաստը գտնել: Ամեն մեկը կյանքի իմաստը մեկնաբանում է յուրովի: Եթե գտնեին, աշխարհում գոյություն կունենար միայն մեկ վեպ, քանի որ բանաձևն արդեն գտնված կլիներ: Ինչո՞ւ են ստեղծվում այսքան հազարավոր գրական գործեր. որովհետև ամեն մեկը կյանքի իմաստը փնտրում է յուրովի: Եվ… չի գտնում. բանաձև չկա: Եվ պետք էլ չէ, որ գտնի: Կյանքի իմաստը ինքը կյանքն է: – Ապրում–ապրում ես, վերջում մաղի վրա ի՞նչ է մնում: – Կախված է նաև մաղից, անցքերը մա՞նր են, թե` խոշոր: Այնուամենայնիվ ինչ–որ բան մնում է: Հատկապես` մտածող–զգացող մարդու համար: Թեպետ ամեն մարդու կյանքում էլ մի բան մնում է: – Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս Ձեր զավակներին, ձեր թոռներին: – Ես չեմ սիրում խորհուրդ տալ. մեկը լինի ինձ խորհուրդ տա: Խորհուրդ տալ պետք էլ չէ: Եթե քո կյանքի օրինակը ուսանելի է, ապա արդեն խորհուրդ է: Այն չպետք է բառերի վերածել: Բառերի ոչ ոք չի հավատում, նույնիսկ` երեխաները: Հավատում են ուրիշ մի բանի` կենդանի օրինակի: – Ասում են` ներկա ժամանակները գրականության ժամանակներ չեն: Գրականության համար լինո՞ւմ են հատուկ ժամանակներ: – Այսօր, այո, գրականության ժամանակ չէ, քանի որ նյութական արժեքները եկել են առաջին պլան, հոգևոր արժեքները նահանջել են: Իսկ հատուկ ժամանակներ, այո, լինում են գրականության համար: Որքան շատ լինեն կատակլիզմները, վայրիվերումները, պիկերը, այնքան գրականության համար նյութ կլինի: Մեր կյանքը բարեբախտաբար, թե դժբախտաբար, ավելի շատ` դժբախտաբար, պիկեր շատ է ունեցել: Ես ինձ հիշում եմ ներգաղթից հետո` 1948 թվականին. աքսոր, խրուշչովյան կիսաձնհալը, բրեժնևյան ճահիճը, ապա` գորբաչովյան անհասկանալի ժամանակները, հետո անկախության առաջին տարիների երերուն վիճակը: Մենք այսքան բան ենք տեսել, շատ բան ենք քաշել: Այս ամեն պիկերը, իհարկե, գրականության նյութ տվել են: Բայց երանի չտային. այնպես լիներ, որ ապրեինք խաղաղ, հանգիստ կյանքով: Այդ ժամանակ նախ և առաջ կստեղծվեր հոգեբանական գրականություն` ընտանիք, մարդկային հարաբերություններ: Իսկ այժմ անհնար է գրել միայն նման թեմաներով, եթե իհարկե չեն առնչվում ժամանակի հետ, երկրի ճակատագրի հետ: Մեր` Հայաստանի սպեցիֆիկան ուրիշ է. մարդը և ժամանակը խիստ կապված են իրար հետ: – Դա փոքր ժողովրդի սինդրո՞մ է: – Չէի ասի: Փոքր ժողովուրդներ կան նաև Եվրոպայում, որոնց մոտ այդպես չէ: Ավելի շատ հետխորհրդային ռեժիմի տակ ապրած ժողովրդի սինդրոմ է: Նաև հետամնաց տնտեսություն ունեցող ժողովրդի սինդրոմ է: Ոչ թե հետամնաց, այլ հետամնաց տնտեսություն ունեցող: – Ըստ իս ներկայում կա հին և նոր մտածողությունների կրող երկու անջրպետված սերունդ: Դա բնակա՞ն վիճակ եք համարում: – Միշտ է եղել այդպես: Սերունդները իրար չեն հասկացել: Հայրեր և որդիներ կռիվը, բախումը միշտ է եղել: Երևի այսօր էլ կա: Փառք ու պատիվ այն ավագներին, ովքեր հասկանում են ջահելներին, և` ջահելներին, որոնք հասկանում են իրենց հայրերին: Երբեմն լինում է նաև այդպես` որ հասկանում են: Ավագ սերունդը ջահելների մեջ պետք է փնտրի իր շարունակությունը: Եթե չի գտնում այն, մերժում է եկողին, այդ դեպքում նրա ապրած կյանքն էլ անիմաստ է դառնում: – Ձեր` ավագ սերունդը, պարտք ունի՞ երիտասարդ սերնդին: Ի՞նչ չկարողացավ նրան տալ: – Դժվարանում եմ ասել, թե ինչ չկարողացանք տալ: Բայց բավականին շատ բան ենք տվել: Չնայած նման կտրական գնահատականը մեծամտություն է: Սակայն քանի որ խոսքը միայն ինձ չի վերաբերում, ապա ավելի ռիսկով կարող եմ խոսել: Շատ բան է տվել հատկապես 60–ական թվականների մտավորականությունը: Եվ տվածի ազդեցությունը մինչև հիմա զգալի է: – Դուք առայսօր գրում եք, և Ձեր գործերը բեմադրվում են մեր բեմերում: Ո՞րն է մատը ժամանակի զարկերակի վրա պահել կարողանալու գաղտնիքը: – Գաղտնիք չկա: Մատը ժամանակի զարկերակի վրա պահելը կախված է տաղանդից: Եթե մարդ տաղանդավոր և օժտված է, չի կարող նրա մատը զարկերակի վրա չգտնվել: Դրանք շաղկապված հասկացություններ են: – Անգրագիտությունը, հաճախ գավառամտության քողի տակ, չի՞ անիծում մեր երկրի, մեր մշակույթի, մեր գրականության հերը: Եթե` այսպես կոպիտ արտահայտվենք: – Այո, անիծում է: Միշտ է անիծել: Նույնիսկ Լև Տոլստոյն է ասում, որ պահպանողականությունն արվեստի ամենամեծ թշնամին է: Այսօր էլ մեր երկրում շատ է գավառականությունը: Հատկապես շոու բիզնեսը շատ է եկել առաջին պլան: Ես դեմ չեմ, պետք է շոու բիզնես լինի, դրա պահանջարկը կա: Բայց` ոչ այսքան, այս չափով: Շոու բիզնեսը խեղդել է իսկական արվեստը: Դա էլ կատակլիզմների, խառը ժամանակների արդյունք է: Քսան տարին մեծ բան չէ անկախության համար: – Ինչքա՞ն թույլ տանք, որ անգրագիտությունը, նաև` միջակությունները, մեր տունը կառավարեն: Տուն` ընդգրկուն առումով: – Ցավոք, մեր թույլ տալով–թույլ չտալով չէ: Կապված է երկրի վիճակի հետ: Երբ երկիրը դառնա բարեկեցիկ, նորմալ երկիր, շատ բաներ կընկնեն իրենց տեղը: – Խոնարհությունն աստվածային պատգամ Է: Բայց միշտ խոնա՞րհ լինենք: Ե՞րբ են գալիս սուրը հանելու ժամանակները: Ես սա ասում եմ ավելի փիլիսոփայական ենթատեքստով. և մարդու համար, և երկրի համար, և ժողովրդի համար, և հասարակության համար… – Կարելի է նաև հարցին ուղղակի պատասխան տալ. մենք մեր սուրը հանեցինք 1988–ին: Ղարաբաղի ազատագրումը սրի հարց էր: Աստված տա` սուր հանելու անհրաժեշտությունը, ինչքան հնարավոր է, քիչ լինի: Այսինքն` երկրում բարեկեցիկ կյանք լինի, նորմալ ապրի ժողովուրդը: Կամ էլ, այն մի փոքր մասով հանենք պատյանից, ամբողջությամբ դուրս բերելու կարիքը չլինի, երբ ընդամենն առաջանա փոքր հարցերի լուծման անհրաժեշտությունը: – Իսկ անհատն իր կյանքի ընթացքում հաճա՞խ է ստիպված սուր հանել: – Այո: Թեև այդ սուր հանելը երբեմն նպատակին չի ծառայում: Ավելին` սուրը կարող է և քեզ վնասել: Դա կրկին կապված է երկրի վիճակի հետ: Մի զարմացեք. ինչ էլ խոսենք, ես անդրադառնում եմ նույն բանին` կապում եմ երկրի հետ: Իսկ թե ինչքան մասով ես սուրը պատյանից հանում, թելադրում է իրականությունը: – Ո՞վ է Ձեզ համար մեծերի մեծը: – Ավետարանը: Նարեկացին: Տոլստոյը: Դոստոևսկին: Շատ անուններ կան: – Մենք ունեցել ենք հրաշալի, համաշխարհային մակարդակներ ապահովող պոեզիա: Բայց արձակը միշտ հետ է մնացել: Ո՞րն է պատճառը: – Այդպես է. արձակ, մանավանդ համայնապատկերային, ծավալուն վեպեր շատ քիչ ունենք: Գուցե ասածս մի քիչ տարօրինա՞կ թվա. արձակի և դրամատուրգիայի համար պետություն է հարկավոր: Մենք երկար ժամանակներ պետականություն չենք ունեցել: Չեմ պնդում, բայց կասկածում եմ, որ դա է պատճառը: – Մարդն ի վիճակի՞ է նկատել իր կողքի մեծին: Գուցե չնկատելով օգնում–փրկո՞ւմ է նրան: – Եթե ինքը փոքր չէ, կնկատի մեծին: Իսկ եթե փոքր է, կնկատի միայն իրեն: – Իսկ եթե մե՞ծ է: – Կնկատի: Եվ պարտավոր է նկատել: – Ի՞նչ է Ձեզ համար մահը: Իհարկե, հեռու ձեզնից: Մտածե՞լ եք այդ մասին: – Որքան էլ աշխատում ես չմտածել, բայց 70–ից հետո ինքնաբերաբար է դա տեղի ունենում: Թեև ես հավատացյալ մարդ եմ, բայց ինձ թվում է` մահը ֆինալն է, վերջակետ է: – Ես չեմ ուզում, որ այդպես լինի: – Ես ի՞նչ իմանամ… (դադար): Տխուր բան է մահը: «Փաստ» օրաթերթ    

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am