Խաչմաչ գյուղում տարեցտարի գրանցվում է ծնելիության աճ. Արցախպրես
Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում տարեցտարի բարելավվում է մարդկանց կյանքի պայմանները, որը նպաստում է երեխաների ծնելիության աճին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խաչմաչի համայնքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը և ավելացրել, որ գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 38 աշակերտ, իսկ նախադպրոցական խմբի 29 երեխաները սովորում են դպրոցում՝ մանկապարտեզի շենք չունենալու պատճառով. կրթօջախն ապահովված է մասնագետներով:
«Համայնքի բնակչության 80 տոկոսն զբաղմունք ունի: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, մի մասն էլ ծառայում են Արցախի զինված ուժերում: Գյուղն ունի 60 խոշոր և 48 մանր եղջերավոր անասուներ: Ունենք 240 հա գյուղամերձ վարելահող:
Բնակչությունը կատարել է 32 հա աշնանացան և 161 հա գարնանացան աշխատանքներ,-ասել է Ռ. Գրիգորյանը և ավելացրել,- 2005 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ գյուղում կառուցվել է հարմարավետ մի շինություն, որտեղ տեղայնացված են համայնքի կենտրոնը, մշակույթի տունը, բուժկետը, գրադարանը: Գյուղում գործում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը 2003 թվականին վերակառուցվել է բարերար Սեյրան Կարապետյանի անմիջական հովանավորությամբ: Ունենք նաև նոր խաղահրապարակ, որտեղ գյուղի երեխաները հնարավորություն են ունենում իրենց հանգիստն անցկացնելու»:
Ավելին՝ այստեղ
