Երևանում վրացական համարանիշներով «X6»-ով վրաերթի են ենթարկել փաստաբանին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին Երևանում վրաերթի է ենթարկվել փաստաբան՝ 29-ամյա Հովհաննես Սարգսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Մոսկովյան փողոցում՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Հ. Սարգսյանին և նրան թողնելով անօգնական՝ հեռացել դեպքի վայրից։ Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք է մեղայականով ներկայացել Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի Դնելաձեի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Էդուարդ Մկոյանը և հայտնել, որ Հ. Սարգսյանին վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած BMW X6 մակնիշի XX 006 MM համարանիշի ավտոմեքենայով։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
