Մեծ ամոթ. Գարո Փայլանին զայրացրել է Թուրքիայում վեց հայտնի իրավապաշտպանի կալանավորելու որոշումը
Թուրքական դատարանը թույլ չի տվել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին ներկա գտնվել 10 իրավապաշտպանների գործով լսումներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Փայլանը՝ նշելով, որ ստիպված է եղել բաց դռան հետևից չորս ժամ լսել դատարանում տեղի ունեցող զարգացումները: Նիստի ավարտից հետո նա թվիթերյան իր էջում թողել է հետևյալ գրառումը. «Մեծ ամոթ: Իրավապաշտպաններ Իդլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են: Մարդու իրավունքներն են կալանավորվել»: Փայլանը մեծ ցավով է արձանագրել, որ Թուրքիան Հյուսիսային Կորեայի հետ հայտնվել է նույն մակարդակի վրա: Նա կիսվել է կալանավորված իրավապաշտպանների հետ դատարանի դահլիճից դուրս արած լուսանկարով:
