Միակ դեպքը չէ, որ փաստաբանական գրասենյակի վրա հարձակում է լինում. Երվանդ Վարոսյան
«Եթե նախաքննական մարմինն ուսումնասիրում է ֆեյսբուքյան գրառումները, պետք է պարզած լիներ, որ փաստաբանական գրասենյակի վրա հարձակման առաջին դեպքը չէ սա: Նախաքննական մարմինը Տիգրան Աթանեսյանին բազմաթիվ հարցեր է տալիս ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներից ելնելով, ակնհայտ է, որ նախաքննական մարմինը մանրամասն ուսումնասիրել է, չի տեսե՞լ, որ հարձակվողներից մեկը դեռեւս 2016թ. դեկտեմբերին սպառնացել է Տիգրան Աթանեսյանին, թե պատասխան ես տալու: Ոչ ոք չի տեսե՞լ, որ օրեր շարունակ Սիմոն Բաբայանը սադրում էր նախ ինձ, հետո Տիգրան Աթանեսյանին: Եթե ուսումնասիրել են ֆեյսբուքյան գրառումները, պետք է պարզած լինեին, որ սա առաջին անգամը չէ, որ Փաստաբանների պալատի պաշտոնյաների կողմից փաստաբանական գրասենյակի վրա հարձակում է եղել»,- փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի հարձակման վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Թե կոնկրետ որ գրասենյակի վրա է եղել հարձակումը, փաստաբանը փակագծեր չբացեց:Հարձակվողների մեջ եղել է նաեւ Գեւորգ Մկրտչյանը,նշեց նա:
