«Ծռության» ֆորմուլան ու հետևանքները
«Առավոտ»-ը վերլուծականում անդրադարձել է 2016 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված, իրենց «Սասնա ծռեր» կոչող զինված խմբի գործողություններին: «Պետք չէ պետության դեմ ոտնձգություններ անել: Քանզի բռնության լեգիտիմացման դեպքում հայտնվելու ենք փակ ցիկլում. սասունցիներից հետո կգան ապարանցիները, ծովագյուղցիները, նորատուսցիները ու հարյուրավոր այդպիսի «հերոս» տղերքի խմբավորումներ, ովքեր կփորձեն աշխարհը հարմարեցնել իրենց ու իրենց պատկերացումներին: Հեռու գնալ պետք չէ. Աֆղանստանն ու Սոմալին վաղուց այդպիսին են, իսկ տասնյակ երկրներ այսօր հաջողությամբ ընթանում են այդ ուղիով՝ Սիրիայից սկսած մինչև Բուրկինա Ֆասո: Եվ ուրեմն՝ պետք է եղելությանը ճիշտ անվանում տանք: Ուղիղ մեկ տարի առաջ ինքն իրեն «Սասնա ծռեր» անվանած զինյալների խմբավորումը դիմել է գործողությունների, որոնց զգալի մասի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է քրեական պատիժ: Հետևաբար՝ քրեական արարքների հեղինակները պետք է պատժվեն: Ըստ որում՝ յուրաքանչյուրն իր կատարածի համար: Օրենքով. Ոչ ավելի, բայց ոչ էլ՝ պակաս: Հակառակ դեպքում մենք շատ արագ կդառնանք Սոմալի»: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
