Լոռու մարզում՝ Դեբեդ գետում, Թումանյանի փրկարարները հայտնաբերել են ջրահեղձ եղած կնոջ դի
Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի փրկարարները Այրում գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած կնոջ դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հայտնաբերված ջրահեղձ եղած կինը երեկ իր աղջկա հետ գետն ընկած 80-ամյա Ռոզա Վերմիշյանն էր, ում որոնողական աշխատանքները շարունակվել էին մինչև կեսգիշեր։ Դեպքի վայր է հրավիրվում նաև Ռ. Վերմիշյանի աղջիկը, որպեսզի կատարվի դիակի ճանաչում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
