Այդ հանդիպումները չպետք է անցկացվեն հանդիպումների համար. Էլմար Մամեդյարով
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ ծրագրի և դրա իրականացման վերաբերյալ քննարկում: «Հանդիպմանն առաջարկվել է հանդիպում անցկացնել պետությունների նախագահների մակարդակով: Հանդիպումները կարևոր բաղադրիչ են հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն այդ հանդիպումները չպետք է անցկացվեն հանդիպումների համար: Եթե կազմակերպվում է հանդիպում նախագահների մակարդակով, կարծում եմ, անհրաժեշտ է ապահովել համանախագահների կողմից առաջարկվող հակամարտության կարգավորման ծրագրի և դրա իրագործման քննարկում»,- ասել է նա: Հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
