Ինչը զայրացրեց Ալիևին՝ Բաքվում ռուս-ադրբեջանական ռազմական գործիչների հանդիպումից հետո. Արցախում ճակատ են բացում

Մի քանի օր առաջ Ռուսաստանի ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Կիմը Բաքու էր ժամանել, որտեղ հանդիպեց Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևի հետ: ՌԴ ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալը՝ ռուսաստանցի պաշտոնյան պատասխանատու է ՌԴ խաղաղապահ գործունեության համար:

Այս հանդիպումն ի՞նչ արդյունքներով է ավարտվել, ինչի՞ց են զայրացել ադրբեջանցիները, կամ ի՞նչ համաձայնության են եկել ռուսական կողմի հետ՝ փաստը մնում է փաստ, որ ռուս-ադրբեջանական ռազմական ոլորտի պատասխանատուների բանակցություններից ընդամենը մի 2-3 օր անց՝ իրավիճակը սրվեց Արցախում, Ադրբեջանն ուղղակի վարում է ներխուժման քաղաքականություն Արցախի՝ Ռուս խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Այսօր արդեն ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»:

Երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ էլ ընդգծել էր, որ ակնկալում են, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և «անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։ «Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը», - ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք նաև, որ Արցախի տարածքում մարտի 8-ից 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Այդուհանդերձ, մարտի 21-ից գազամատակարարումը նորից դադարեցված է։

Խնդրի առնչությամբ մտահոգություն են հայտնել Եվրամիությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։ Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ է անում «հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին»:

Կեսգիշերն անց Վաշինգտոնից հայտարարություն հնչեց: ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ-ում գազի մատակարարման խափանումներով և Ադրբեջանի զորքերի տեղաշարժով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Պետքարտուղարությունը շեշտում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները՝ անհապաղ դեէսկալացիա ապահովելու համար:

Տարածաշրջանային անվտանգության հարցերին են անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Միրզոյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։

Նկատենք, որ հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հեռախոսազրույցի մասին ավելի ուշ հաղորդագրություն տարածեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի համաձայն՝ Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախի Ասկերանի շրջանում «վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ»։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ «Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Պապիկյան-Շոյգու հեռախոսազրույցն էլ, փաստորեն, ոչինչ չի փոխվել. Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է, ավելիին՝ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ:

Ի դեպ, երեկ ավելի վաղ Մոսկվան կոչ էր արել շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, նշել էր նաև, որ շփումների մեջ են երկու կողմի հետ։

«Համապատասխան աշխատանքներ են տարվում Ռուսաստանի արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- նշել է նա։ Մեկնաբանելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումը՝ Զախարովան ասել է, թե իրադրությունը պետք է գնահատեն ռուս խաղաղապահները, միաժամանակ կրկնել, որ «կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի իրավիճակը»։

Ակնհայտ է, որ Բաքուն Արցախում նոր ճակատ է բացում՝ Հայաստան-Թուրքիա իբր հարաբերությունների կարգավորման ֆոնին, «խաղաղության դարաշրջանի» բացման՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների հավաստիացումների ֆոնին: Սա արդեն արցախցիներին Արցախից վռնդելու բացահայտ քաղաքականություն է, երբ ամբողջ աշխարհը զբաղված է Ուկրաինայում պատերազմով, իսկ ռուս խաղաղապահներն Արցախում լուռ դիտող-զսպողի իրենց դերում, ըստ էության, ադրբեջանական ներխուժումներին չեն հակազդում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 15391 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am