ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելու կոչերը վտանգավոր է.նախագահ
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Մոսկվայի կողմից Բաքվին զենք վաճառելու խնդրին. «Այդ խնդիրը հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցը, իմ կարծիքով, ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»,- ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ դիտարկումներին, ապա նախագահը նշեց, որ «դրան ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, դրանք ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել»։ «Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-հավելեց ՀՀ նախագահը։ Նախագահը շեշտեց, որ Հայաստանը վարում է համաչափ արտաքին քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ։ ՀԱՊԿ-ն, ինչպես նաեւ անձամբ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, մշտապես արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին եւ արձագանքել են շատ կոշտ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով՝ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն պետք է ավելի պասիվ դերակատարություն ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս: «Նրանք, այնուհանդերձ, դիրքորոշում ունեն, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է, ոչ թե հայկական բանակը»,- ասել է նախագահը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ընկալում կա, որ ՀԱՊԿ անդամ երկրները սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ եւ ոչ միշտ են արձագանքում հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներին: Սերժ Սարգսյանի գնահատմամբ, որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ, պետք է ուսումնասիրենք կազմակերպության կողմից ընդունված փաստաթղթերն ու հայտարարությունները: «Անցյալ տարի Երեւանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթնաժողով, խնդրում եմ, վերցրեք եւ նայեք, թե ինչպիսի բանաձեւ է ընդունել այդ գագաթնաժողովը: Էմոցիոնալ կողմը շատ կարեւոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարեւորն էությունն է: Ըստ էության՝ ՀԱՊԿ-ն երբեւէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,- նշել է Սերժ Սարգսյանը:
