Մինսկի խմբի անդամները որեւէ կասկած չունեն, թե որ կողմն է նախահարձակ լինում. Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ միջազգային կառույցները հավասարության նշան չեն դնում ԼՂ հակամարտության կողմերի միջև։ Այդ մասին Սերժ Սարգսյանն ասել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում։ «Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը»,–ասել է ՀՀ Նախագահը։ Սերժ Սարգսյանը նաեւ պատմել է, որ մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրուցել է համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ ու հարցրել, թե ինչո՞ւ կոնկրետ մատնացույց չեն անում: «Ասաց՝ գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող ենք կողմ դառնալ եւ բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է շարունակել բանակցային պրոցեսը, որովհետեւ բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ դա ցանկալի չէ նաեւ մեզ համար, միգուցե՝ առաջին հերթին մեզ համար, որովհետեւ «մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ է»,- ասել է նախագահը:
