Չենք ցանկանում, որպեսզի մի «շառլատանը» ներկայացվի որպես բանակը մարմնավորող կերպար. Սերժ Սարգսյան
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ մեր բանակը զարգացում չի ապրել: Կարո՞ղ է ասել, որ այսօրվա մեր սպաներն իրենց գրագիտության մակարդակով էապես չեն տարբերվում այն սպաներից, որոնք ծառայում էին քսան տարի առաջ՝ և՛ քանակական առում, և՛ որակական առումով: Ես հենց նոր գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ են, զինվորներ, ովքեր գիտեն իրենց գործը»: «Մենք քիչ ենք թվաքանակով, եթե ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը լինեն ապահով և անվտանգ, անհրաժեշտության պահին յուրաքանչյուր հայ՝ անկախ սեռից պետք է դառնա բանակի զինվոր: Երբ այդ պահը գալիս է, ազգը դառնում է բանակ: Խաղաղ ժամանակ բանակը մասնակցում է նաև հայրենիքի զարգացման գործին: Շատ պարզ տրամաբանություն է: Մենք ուզում ենք այս բնագավառում հասնել առավելագույնի: Մենք ուզում ենք, որ ռազմահայրենասիրական դաստիրակությունը կարևորվի: Ուզում ենք որպեսզի մանր-մունր դեպքերը չշահարկվեն և ստվեր չգցեն մեր զինված ուժերի վրա: Մենք չենք ցանկանում, որպեսզի հազարավոր բարեխիղճ, հայրենիքին նվիրված սպաների կողքին, երբ լինում է մի «շառլատան», այդ «շառլատանը» ներկայացվի որպես բանակը մարմնավորող կերպար»,-խոսելով ազգ-բանակ գաղափարախոսության մասին ասել է նախագահը :
