Դեմիրթաշն իր պաշտոնում մնալու մտադրություն չունի
MK-Turkey-ի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ չունի չորրորդ անգամ իր կուսակցական պաշտոնում մնալու ամուր մտադրություն։ Դեմիրթաշը հայտարարել է, որ հունվարի 17-ին պլանավորված է ԺԴԿ-ի համագումարը, որի ժամանակ կուսակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրվելու կուսակցության ղեկավար պաշտոններում. «Մենք (կուսակցության նախագահող անդամներս) այն մարդկանցից չենք, որոնք ցանկանում են տարիներով զբաղեցնել իրենց պաշտոնները, և մենք չենք մերժելու որևէ մեկին, ով կցանկանար օգտվել այս պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից։ Եթե որևէ մեկը հայտարարի, որ ցանկանում է զբաղեցնել համանախագահի պաշտոնը, ապա նրա հայտարարությունը կդիտարկվի լրջորեն»։ Դեմիրթաշը հավելել է, որ իր ծառայության երրորդ ժամկետն ավարտված է, սակայն կուսակցական ընկերները պնդում են, որ նա պաշտոնում մնա չորրորդ ժամկետում. «Իրականում ես շատ չեմ ձգտում դրան։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ենթարկվենք կուսակցական օրենքներին։ Այդ հարցում դեռ որոշում կայացված չէ»։
