Մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ․ ընդդիմադիր պատգամավոր (video)
Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առաջ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Վերջինս հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումները, լիցենզավորված կազմակերպությունները կարող են դա անել, իսկ դա արվում է, որովհետև, ըստ պատգամավորի, վստահության պակաս կա։
«Մարդիկ վախենում են, որ Հայաստանը կառնի ու կվաճառի երրորդ երկրներ, Ղազախստանը կառնի, կվաճառի երրրոդ երկրներ և այլն, բայց երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի դու դրանից խուսափես, պետք է տեղական արտադրությունը զարգացնես. 40 տոկոսի չափ մենք վարելահողեր ունենք, որոնք չեն մշակվում, հիմա պետք է հասկանալ՝ չմշակվելո՞ւց է պետությունն ավելի շատ վնաս ստանում, թե՞ այն գումարից, որ պետք է դնի պետությունը, որ հողերը մշակվեն. պետք է ծախսերի ու եկամուտների վերլուծություն անել», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
