Ջրանցքում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը պարզվել է
«Ստորին Հրազդան» ջրանցքում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է. հարազատները ճանաչել են: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ Քննչական կոմիտեից, որտեղից նաև հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ մեր տեղեկությունների, դիակի ձեռքի վրա առկա է դաջվածք՝ «1946» մակագրությամբ. դա տղամարդու ծննդյան տարեթիվն է: Մեր տեղեկություններով՝ տղամարդը Ուկրաինայի քաղաքացի է, ազգությամբ հայ և վերջերս էր վերադարձել Ուկրաինայից: Հայտնի է դարձել նաև, որ նա ամուսնալուծված էր, ուներ առողջական խնդիրներ: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ըստ նախնական վարկածի` տղամարդն ինքնասպան է եղել: Հիշեցնենք, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի վերջնամասում՝ «Ստորին Հրազդան» ջրանցքում, հայտնաբերվել է դի: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս էին բերել դիակը:
