Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. Ոստիկանապետը նոր նշանակումներ է արել
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Բացի այդ, ոստիկանության մարզային բաժինների պետեր են փոխվել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ նոր նշանակումներ են արվել չորս բաժիններում: «ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Գրիգորյանը, Վայքի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Մանվել Դավթյանը: Գորիսի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Կարեն Թադևոսյանը և Մեղրիի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արա Դավթյանը»,-ասաց Էդգար Ջանոյանը: Նշենք, որ Եղեգնաձորի բաժնի նորանշանակ պետը նախկինում Վայքի բաժնի պետն էր, իսկ Վայքի բաժնի նորանշանակ պետը՝ Եղեգնաձորի: Բացի այդ, Գորիսի ոստիկանապետը նախկինում զբաղեցնում էր Մեղրիի ոստիկանապետի պաշտոնը։
