Էրդողանն ու Գյուլենը Թուրքիան բաժանել էին իրար մեջ. Քեմալ Քըլըչդարօղլու
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Էրդողանն ու Գյուլենը Թուրքիան բաժանել էին իրար մեջ: Ինչպես ասել է՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «կործանարար գործունեության» մասին իրենք իշխանություններին զգուշացրել էին շատ վաղուց, մինչդեռ «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչինչ չցանկացավ լսել այդ մասին»: «Նրանք Գյուլենի հետ դաշնակիցներ էին: Թուրքիան բաժանել էին իրար մեջ: Էրդողանն ու Հետախուզական կոմիտեն, ունենալով այն կանխելու բոլոր հնարավորությունները, չեն արել դա, քանի որ «իշխանությունները ցանկացան օգտվել հեղաշրջման փորձից: Հետախուզական կոմիտեն ցերեկվա ժամերին է ստացել հնարավոր հեղաշրջման փորձի մասին տեղեկությունը: Մինչդեռ Էրդողանի խոսքով՝ նա այդ մասին իմացել է երեկոյան՝ իր փեսայից: Մենք հավատում ենք, որ նրանք հեղաշրջման փորձից օգուտներ քաղելու նպատակով մինչև որոշակի կետ թողել են վիճակն ինքնահոսի», - ասել է ընդդիմադիր գործիչը:
