ԼՂ-ին չաջակցել նշանակում է աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը. Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինա
Չեխ լրագրող և Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան մեկնաբանել է «Ինտերպոլի» որոշումը, համաձայն որի կառույցը մերժել է Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրախորհրդարանի երեք անդամներին ձերբակալելու խնդրանքը: Prague Monitor-ին Շտետինան ասել է. «Ադրբեջանի՝ Եվրախորհրդարանի անդամներին ձերբակալելու խնդրանքի նպատակը Լեռնային Ղարաբաղում աշխատող հարյուրավոր միջազգային փորձագետներին վախեցնելն է: Հայտնի է, որ ճնշումներն ու սպառնալիքներն ադրբեջանական բռնապետության սովորական գործիքն են: Լեռնային Ղարաբաղին աջակցություն չցուցաբերելը հավասարազոր է Կովկասում խորհրդային էթնիկ քաղաքականության իրականացմանը համաձայնելուն, ինչը նշանակում է՝ աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը», - ասել է Շտետինան Նրա խոսքով՝ իրեն վրդովեցրել է ադրբեջանական իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե իբր Եվրախորհրդարանի երեք անդամները՝ ինքը, Էլենի Տեոչարուսը (Կիպրոս) և Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), պատասխանատու են տարածաշրջանում ռազմական լարվածության սրման համար:
