Եթե կա շատ փող, կլինի փախուստ թուրքական բանտից. Սեվան Նիշանյանի մանրամասները
Թուրքիայում բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը հայտնել է, որ իրականում այդ երկրում փախուստ կազմակերպելը շատ հեշտ է, եթե դու ունես զգալի քանակությամբ գումար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մտավորականի հետ կապ է հաստատել թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք, լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Կառույցներում եթե գումարը տաս անվտանգությանը, շատ հանգիստ կարող ես փախչել»,- ասել է մտավորականը: Նիշանյանը հրաժարվել է ասել, թե որտեղ է գտնվում՝ Թուրքիայո՞ւմ, թե՞ դրա տարածքից դուրս: Նա նշել է, որ 48 ժամ սպասելու կարիք չկա: «Այս պահից սկսած ինձ կարող են ընդունել որպես փախուստի մեջ գտնվող անձի»,- ասել է լեզվաբանը: Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել: Նախնական տեղեկություններով՝ Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել: Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»: Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:
