Ռուսական և ադրբեջանական նավթն ու գազը պահանջարկ չեն ունենա. VOA
Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում տեղի ունեցած մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի լսումների ընթացքում Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ Փիթեր Դորանը նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացը կարող է լիովին փոխել ավանդական տնտեսության գաղափարը, մասնավորապես, զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրների՝ նավթի ու գազի նշանակություն: «Նույնիսկ հարուստ Սաուդյան Արաբիան կարող է մի օր այնպիսի իրավիճակում հայտնվել, երբ իրենից նավթ գնել ցանկացողներ այլևս չլինեն: Էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական անվտանգության անհրաժեշտ բաղադրիչն է»,- նշել է նա: Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Մամուկա Ցերետելիի կարծիքով՝ Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը չափազանց մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից: Ըստ նրա՝ Մոսկվայի շահերից չի բխում թուլացնել իր ազդեցությունը հարևան երկրների վրա, և, որ Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգություն հնարավոր չէ հաստատել, մինչև չգտնվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
