Սրանք վախենում են՝ իրենք իրենց վրա դուրս գալ, դրա համար ամեն ինչի կգնան․ Արթուր Վանեցյան (video)
Երբ ձևավորվում էր ութերորդ գումարման Ազգային ժողովը, ես հայտարարեցի, որ եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա նա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցին։
«Քննիչ հանձնաժողովն, առհասարակ, ընդդիմության գործիքն է, երբ ընդդիմությունը կարողանում է իրականացնել վերահսկողություն։
Երբ իշխանություն է ձևավորում քննիչ հանձնաժողով, կամ իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ, իսկ որպես փորձագետ է ընդգրկվում Արծրուն Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ընթացքում հանրության կեղծ տեղեկություններ է մատուցել, ո՞նց եք պատկերացնում այդ քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը և անաչառությունը», - ասաց Արթուր Վանեցյանը։
