Դաժան ու աննախադեպ պատժամիջոցներ. Արևմուտքը ՌԴ-ին տնտեսական մեկուսացման է տանում

ԱՄՆ-ի սանկցիաներն՝ ընդդեմ ռուսական պաշտպանական ոլորտի 22 ընկերության

Միացյալ Նահանգների իշխանություններն արգելափակող կոշտ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի պաշտպանական ոլորտի 22 խոշոր ընկերությունների նկատմամբ: «Այդ լայնածավալ սանկցիաների հետևանքով սպառազինություններ արտադրող ռուսական ընկերությունները զգալի կորուստներ են կրելու, ընդհանուր հաշվով ցուցակում կհայտնվեն 22 կառույցներ, որոնք կապված են ռազմարդյունաբերական համալիրի հետ», - ասվում է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության, ցուցակում ընկերություններ են, որոնք ռուսական բանակի համար արտադրում են մարտական օդանավեր, զրահատեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Պետդեպարտամենտը նշում է, որ Միացյալ Նահանգների նպատակն է «առաջիկա տարիների ընթացքում թուլացնել Ռուսաստանի պաշտպանական ոլորտը և ռազմական հզորությունը, ինչպես նաև սահմանափակող միջոցներ ընդունել Ռուսաստանի պետական գանձարանի համար եկամուտ ապահովող առավել կարևոր աղբյուրների դեմ»:

Աշխարհի խոշորագույն ընկերությունները լքում են ՌԴ-ն, կամ դադարեցնում բիզնեսը ռուսական ընկերությունների հետ

Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության տարբեր ճյուղերում առաջատար բազմաթիվ ընկերություններ՝ Apple-ից մինչև Boenig, BMW-ից մինչև Disney ու DHL հայտարարել են Ռուսաստանից հեռանալու կամ այդ երկրում իրենց գործունեությունը դադարեցնելու, սահմանափակելու մասին։ Reuters-ն ի մի է բերել այսօրվա իրավիճակը, ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավտոարտադրողներ

Բեռնատարներ արտադրող գերմանական Daimler Truck-ը, ըստ Reuters-ի, հայտարարել է, որ սառեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում՝ ներառյալ համագործակցությունը ռուսաստանյան Камаз-ի հետ։ Միաժամանակ, Mercedes-Benz Group-ը իրավական ճանապարհ է փնտրում ազատվելու Камаз-ում իրեն պատկանող 15 տոկոս բաժնեմասից։ Շվեդական Volvo Cars-ը նշել է, որ առայժմ դադարեցնում է իր առաքումները Ռուսաստան։ 2021-ին Volvo-ն 9 հազար մեքենա է վաճառել Ռուսաստանում։ Նույն քայլին է դիմել General Motors-ը։ Հաղորդվում է, որ ամերիկյան այս ընկերությունը գործարան չունի Ռուսաստանում, անցած տարի վաճառել է 3 հազար մեքենա։ Ճապոնական Mitsubishi Motors-ի փոխանցմամբ, ընկերությունը կարող է դադարեցնել իր ավտոմեքենաների արտադրությունը և վաճառքը Ռուսաստանում, եթե տնտեսական պատժամիջոցների հետևանքով մատակարարումների շղթան չգործի։ Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կասեցնելու է Ռուսաստանում մեքենա հավաքող իր գործարանների որոշ գործառույթներ, որովհետև խնդիրներ են առաջացել մատակարարումների շղթայում։ Արևմտյան ավտոարտադրողներից Renault-ն ամենից շատն է ներկայացված Ռուսաստանում, ուր ստացված եկամուտը անցած տարի կազմել է ընկերության ողջ մուտքերի 8 տոկոսը։ Renault-ն նաև վերահսկում է Автоваз-ը՝ ռուսաստանյան խոշորագույն ավտոարտադրողին։ Harley-Davidson Inc-ը դադարեցրել է մոտոցիկլետների առաքումը Ռուսաստան։ Ford Motor Co-ը տեղեկացրել է իր ռուսաստանյան գործընկեր Sollers ընկերությանը, որն ի շարս այլ ակտիվների՝ УАЗ-ի վերահսկող բաժնեմասի սեփականատերն է, թե անհապաղ կասեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ Ford Motor Co-ն ու Sollers-ը համատեղ ձեռնարկություն ունեն։ Թանկարժեք ավտոմեքենաներ արտադրող բրիտանական Jaguar Land Rover-ը և Aston Martin-ը դադարեցրել են իրենց մեքենաների առաքումը Ռուսաստան։ Aston Martin-ի փոխանցմամբ, ռուսաստանյան և ուկրաինական շուկաներում անցած տարի վաճառվել է իր ողջ արտադրանքի ընդամենը 1 տոկոսը։ Եվ վերջապես, գերմանական BMW-ն հայտարարել է, որ դադարեցրել է իր ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան և կասեցնելու է այդ երկրում ավտոմեքենաների արտադրությունը։

Ավիացիա

Օդանավերի լիզինգով զբաղվող աշխարհում խոշորագույն AerCap Holdings-ը, որի կենտրոնակայանը Դուբլինում է, դադարեցնելու է իր համագործակցությունը ռուսաստանյան ավիաընկերությունների հետ։ Ընկերության համաձայն, 2021 թվականի վերջի դրությամբ իր օդանավերի 5 տոկոսն է լիզինգի կամ վարձակալության հանձված ռուսաստանյան ընկերություններին։ Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան Boeing-ը հայտարարել է, որ դադարեցրել է պահեստամասեր առաքել ռուսաստանյան ավիաընկերություններին և սպասարկել այդ ընկերություններին պատկանող Boeing ինքնաթիռները։

Բանկային ոլորտ

Աշխարհում խոշորագույն բանկերից մեկը հանդիսացող HSBC-ին նշել է, որ նվազեցնում է իր փոխգործակցությունը ռուսաստանյան բանկերի, ներառյալ պատժամիջոցների ներքո հայտնված ВТБ-ի հետ։ HSBC-ի ներկայացվածությունը ռուսաստանյան շուկայում սահմանափակ է. անցած տարի բանկի եկամուտը կազմել է 50 միլիարդ ԱՄՆ դոլար, որից ընդամենը 15 միլիոնը Ռուսաստանում, ուր բանկի աշխատակիցների թիվը մոտ երկու հարյուր է։ Սկանդինավյան Nordea-ն հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանում լայնորեն ներկայացված ներդրումային ֆոնդերի առքուվաճառքը։ Ավստրիական Raiffeisen Bank International-ը պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից՝ այս մասին Reuters-ին հայտնել են ընթացքին քաջածանոթ երկու հոգի, թեև բանկի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է տեղեկությունը։ Անցած տարի բանկի ողջ եկամտի մոտ 1/3-րդը առաջացել է Ռուսաստանում։

Էներգետիկա

Ֆրանսիական TotalEnergies-ը հայտարարել է, որ այլևս միջոցներ չի տրամադրի Ռուսաստանում նոր նախագծերի համար։ Բրիտանական BP-ն հայտնել է ռուսաստանյան նավթային խոշորագույն ընկերությունում՝ Роснефть-ում իր 19,75 տոկոս բաժնեմասը վաճառելու մասին։ Բրիտանա-նիդեռլանդական Shell-ը հայտարարել է Ռուսաստանում իր ողջ գործունեությունը դադարեցնելու մասին, ներառյալ գլխավոր նախագծում՝ հեղուկ բնական գազի Сахалин-2 գործարանում, որի բաժնետոմսերի 27,5 տոկոսը Shell-ինն է, իսկ 50 տոկոսը Газпром-ինը: Նորվեգիական Equinor-ը սկսելու է Ռուսաստանում համատեղ ձեռնարկություններից դուրս գալու գործընթաց։ Ընկերությունը այդ երկրում աշխատում էր մոտ երեսուն տարի։ 2012-ին համաձայնվեց ռազմավարական համագործակցություն սկսել Роснефть-ի հետ։ Դանիական Orsted-ն իր էլեկտրակայանների համար դադարեցրել է գնել ռուսաստանյան քարածուխ և կենսազանգված, սակայն շարունակելու է Газпром-ից տարեկան գնել երկու միլիարդ խորանարդ մետր բնական գազ՝ երկարատև պայմանագրի համաձայն։ Միաժամանակ, Orsted-ը հայտարարել է, որ նոր պայմանագրեր չի կնքի ռուսաստանյան ընկերությունների հետ և կհրաժարվի ռուսաստանյան ծագում ունեցող մատակարարումներից։

Ամերիկյան Exxon Mobil-ը դուրս է գալու ավելի քան 4 միլիարդ դոլար արժողությամբ ռուսաստանյան նավթա-գազային նախագծերից և հրաժարվելու է նոր նախագծերից։ Իտալական Eni-ին ծրագրում է վաճառել Ռուսաստանից Թուրքիա ձգվող Голубой поток գազատարում իր բաժնեմասը, ուր Газпром-ի հետ համասեփականատեր է։ Eni-ին երկարատև գազային պայմանագիր ունի Ռուսաստանի հետ։ 2020 թվականին իտալական ընկերությունը գնել է 22,5 միլիարդ խորանարդ մետր ռուսական բնական գազ։ Ավստրիական OMV էներգետիկ խումբը հրաժարվել է Газпром-ի հետ համատեղ մաս կազմել մի գազահանքի շահագործման նախագծում և հայտարարել է, որ վերանայելու է իր ներգրավվածությունը Ռուսաստանը Բալթիկ ծովի հատակով Գերմանիային կապող Nord Stream-2 գազամուղում։ Centrica-ն, որը Մեծ Բրիտանիայոււմ սպառողներին գազ մատակարարող խոշորագույն British Gas ընկերության սեփականատերն է, հայտարարել է, թե չեղարկելու է գազի մատակարարման վերաբերյալ իր պայմանագրերը ռուսաստանյան ընկերությունների, հատկապես՝ Газпром-ի հետ։

Կինովարձույթ, հեռուստատեսություն

Հոլիվուդյան Disney, Warner Bros և Sony Pictures Entertainment ընկերությունները հայտնել են, որ կասեցնելու են ռուսաստանյան կինոթատրոններում իրենց նոր ֆիլմերի ցուցադրությունները։

Արդյունաբերություն

Շվեդական մետաղագործական հսկան՝ Sandvik-ը կասեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ 2021 թվականին ընկերության եկամտի միայն 3,5 տոկոսն է ռուսաստանյան ծագման։ Ռուսաստանում ընկերությունը արտադրություն չունի, սակայն ունի շուրջ 900 աշխատակից՝ վաճառքի և սպասարկման ոլորտում։

Լոգիստիկա

Ամերիկյան հայտնի United Parcel Service Inc (UPS)-ը և FedEx Corp-ը, որոնք լոգսիտիկայի ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններն են, հայտարարել են, թե կասեցնում են առաքման իրենց ծառայությունները Ռուսաստանում և Ուկրաինայում։ Deutsche Post-ը հայտարարել է, որ դադարեցնում է DHL-ի ծառայությունը Ռուսաստանում։ Նավային (կոնտեյներային) փոխադրումներ իրականացնող՝ Ocean Network Express-ը արդեն այս երկուշաբթիից դադարեցրել է դեպի Ռուսաստան և Ռուսաստանից եկող պատվերների ընդունումը։ Նույն գործն անող աշխարհահռչակ Maersk ընկերությունը հայտնել է, որ դադարեցնելու է իր գործունեությունը Ռուսաստանի ուղղությամբ։ Maersk-ը բեռներ էր տեղափոխում դեպի Սանկտ-Պետերբուրգ, Կալինինգրադ, Նովոռոսիյսկ, Վլադիվոստոկ և Վոստոչնի նավահանգիստներ ու այնտեղից բեռներ վերցնում։ Դեպի Ռուսաստան և Ուկրաինա նավային փոխադրումների ժամանակավոր դադարեցման մասին է հայտարարել նաև գերմանական Hapag Lloyd-ը։ Ծովային փոխադրումներ իրականացնող MSC ընկերությունը դադարեցրել է պատվերների ընդունումը դեպի Ռուսաստան և Ռուսաստանից, սակայն դեռ կիրականացնի սննդամթերքի ու հումանիտար բնույթի առաքումներ։ Նույն որոշումն է կայացրել լոգիստիկայի ոլորտում գործող շվեյցարական Kuehne und Nagel ընկերությունը՝ ընդգծելով, թե բացառություն կանի դեղորայքի, բժշկական պարագաների և հումանիտար առաքումների համար։

Բարձր տեխնոլոգիաներ

Apple-ը դադարեցրել է իր բոլոր պրոդուկտների վաճառքը Ռուսաստանում։ Google-ի սեփականատեր Alphabet ընկերությունը իր Play store-ում՝ հավելվածների առցանց հարթակում, արգելափակել է ռուսաստանյան պետական Russia Today և Sputnik լրատվականների հետ կապված հավելվածները։ Alphabet-ը ավելի վաղ հեռացրել էր ռուսաստանյան այդ լրատվականներին նորություններ մատուցող իր ծառայություներից։ Microsoft-ը հայտնել է, որ կհեռացնի բջջային հեռախոսների համար նախատեսված Russia Today-ի հավելվածները Windows App store-ից՝ հավելվածների առցանց հարթակից, և կարգելափակի ռուսաստանյան պետական մեդիայի համար նախատեսված գովազդը։ Համակարգիչների արտադրությամբ հայտնի ամերիկյան Dell Technologies-ը հայտարարել է, որ դադարեցնում է իր արտադրանքի վաճառքը Ռուսաստանում և Ուկրաինայում։

Հեռահաղորդակցություն

Շվեդական հանրահայտ Ericsson-ը դադարեցնում է իր արտադրանքի առաքումը Ռուսաստան։ Նույն որոշմանն է հանգել ֆիննական Nokia-ն, որն անհրաժեշտ տեխնիկա է մատակարարում ռուսաստանյան МТС, ВымпелКом, МегаФон և Tele2 ընկերություններին։

Այլ ոլորտներ

Անվադողեր արտադրող ֆիննական Nokian Tyres-ը Ռուսաստանից Ֆինլանդիա և Միացյալ Նահանգներ է տեղափոխում իր արտադրության առանցքային մասերը։ Ընկերության համաձայն, տարեկան իր՝ մոտ 20 միլիոն անվադողերի 80 տոկոսը արտադրում է Ռուսաստանում՝ 1 600 աշխատակիցներով։ Քիմիական արտադրության ոլորտում գործող ֆիննական Kemira-ն մարտի 1-ից դադարեցրել է իր արտադրանքի առաքումը Ռուսաստան և Բելառուս։ Սպորտային հագուստ, մարզակոշիկներ ու այլ պարագաներ արտադրող գերմանական աշխարհահռչակ Adidas ընկերությունը դադարեցրել է իր համագործակցությունը Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Nike-ը դադարեցրել է իր ապրանքների համար Ռուսաստանից պատվերների ընդունումը։ Կենցաղային տեխնիկա արտադրող շվեդական Electrolux-ը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։

Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը բանաձև ընդունեց` դատապարտելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» վերնագրով բանաձևին ՄԱԿ-ի 193 անդամներից կողմ են քվեարկել 141-ը, դեմ` ընդամենը 5-ը, ձեռնապահ է մնացել 35 երկիր։ Հայաստանը ձեռնպահների թվում է, ինչպես օրինակ` Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն։ Դեմ քվեարկած 5 երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան ու Էրիթրեան։ 12 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Վենեսուելան, Մարոկկոն, քվեարկությանը չի մասնակցել: ՄԱԿ-ի բանաձևը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և վերահաստատում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը իրավական պարտադիր ուժ չունեն, բայց արտացոլում են միջազգային ձևավորված կարծիքը։ Հատուկ նստաշրջանների դեպքում բանաձևը ընդունվելու համար պետք է ստանա ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների 2/3-ը, ձեռնպահ քվեարկությունը հաշվի մեջ չէ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3480 անգամ
Լրահոս
Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան. Քոչարյան Հակոբյանները դատախազություն են քսի տալիս, Հրաչյա Հակոբյանն է միացել «հերյուրանքի դեմ արշավին» Միքայել, Բագրատ եւ Արշակ Սրբազանները նույն խցում են 34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Սբ Յոթվերքը զորավոր է. չի՛ ներելու տիրադավներին․ Կալանավորված Սրբազանների հայտարարությունը Մեքենաներ են ճակատ ճակատի բախվել, վիրավոր կա Ալիևը ուզում է վերացնել Հայաստանը, Փաշինյանից պատասխան չկա․ Թաթոյանը առաջարկ է արել Բաքվին Թրամփի փեսան կգրի Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավոր պլանի ձևակերպումները․ Ուշակով Կալանավորված Սրբազան հայրերը վստահ են՝ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ. Անկարայում ԱՄՆ դեսպան «Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակում է իր հաղթարշավը․ Դեմոյան Արշակ Սրբազանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քայլերի կդիմի Գյումրեցի ուսուցիչներին հրահանգել են, որ անպայման մասնակցեն Փաշինյանի «պատարագին» Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ Քննչական, հլը ուղեղիդ զոռ տուր, կարա՞ս էս թեմայով էլ մի բան կարես Արշակ Սրբազանի վրա, մեկ ա նիկոլը քո ուժերին հավատում ա. Արամ Գևորգյան ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am