Քոչարյանի գործով ամենակարևոր որոշումները թելադրվում են Աննա Դանիբեկյանին (video)
Այս գործով որոշումներն, ամենայն հավանականությամբ, կայացվում են ոչ այս դատավորի կողմից և ոչ այս դատարանում, Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։
«Որոշումները թելադրվում են։ Համենայն դեպս, գործի համար ամենակարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ որոշումները թելադրվում են դատարանին։ Սա երևի բացատրություններից մեկն է, թե ինչու մեր միջնորդությունը մերժվեց, որովհետև սրանով դատարանն ինքն իրեն և դատավարությունը մտցրեց փակուղի», - ասաց Հայկ Ալումյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան, պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։
