Ինչ է սպասվում հայ վարորդներին ՌԴ-ում
Ռուսաստանը կարող է ճանաչել Հայաստանի վարորդական իրավունքը, բայց կարող է նաեւ չճանաչել, դա յուրաքանչյուր պետության իրավունքն է: Այս մասին հուլիսի 14-ին` լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Ճիշտ այդպես նաեւ Հայաստանն է սիրիահայերին թույլ տվել երթեւեկել այնտեղի վկայականներով, որոնք Հայաստանում պաշտոնապես ճանաչված չեն: Մենք նրանց ժամկետ ենք տվել, որ նրանք փոխանակեն տեղական իրավունքներով: Սա բերում եմ որպես մեր կառավարության որոշման օրինակ»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով` մյուս երկրներում, որոնք այն չեն ճանաչում, իրավունքը չվերահանձնելու միակ եղանակը միջազգային վարորդական իրավունք ստանալն է: Հիշեցնենք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները հուլիսի 1-ից չեն ճանաչում արտասահմանյան երկրների վարորդական իրավունքները` բացառություն չկատարելով ԵՏՄ երկրների համար:
