Նոր լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է. Վարդան Խաչատրյան
Հասարակական-քաղաքական գործիչ, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է նույն տեմպերով պատրաստվի պատերազմին, ինչպես Ադրբեջանը, այլապես նոր լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է: Ըստ Խաչատրյանի՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանը նոր զենքեր է ձեռք բերում, դա արդեն մտածելու տեղիք է տալիս, քանի որ դրանք ծանրակշիռ և ծախսատար ծրագրեր են, և չեն արվում ընդամենը նրա համար, որ Հայաստանում խոսեն այդ մասին: «Հասկանալի է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Նա այժմ իրականացնում է ֆունդամենտալ անցում, որը կավարտվի հաջորդ տարի: Մենք նաև երբեք ականատեսը չենք եղել ադրբեջանական բանակի հոգեբանական պատրաստությանը: Քառօրյա պատերազմից հետո բոլոր զոհերի անունները հնչեցվում են և հավաքված հսկայական զանգվածն ասում էր, որ զոհը ներկա է այստեղ, մենք ենք: Այսինքն, հասարակության և առանձին բանակի հոգեբանական պատրաստություն տանում է նրան, որ մաքսիմալ պատերազմական գործողություններին ունակ լինեն»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է նույն տեմպերով պատրաստվի պատերազմի:
