Դատապարտյալների սննդի որակն ու չափաբաժինը կփոխվեն. Արմեն Հակոբյան
Այսօր «Ազատազրկվածների սննդի որակն ու պահման այլ պայմանները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում սննդի որակի ու ճաշացանկի բազմազանության ապահովման համար Կառավարության որոշմամբ փոփոխություններ են արվել: Ինչպես նշեց՝ նախատեսվում է սննդի ցանկում ներառել նաև 30 000 կգ բանջարեղեն՝ 10 000 կգ պոմիդոր և վարունգ ընդհանուր քանակությամբ, 5000 կգ՝ սմբուկ, 5000 կգ՝ բիբար: «Նախկինում անվանացանկով նախատեսված է եղել բանջարեղեններից բազուկը, կաղամբը, ստեպղինը: Ներկայում կառավարության որոշումը փոխվել է այն կոնտեքստում, որ ապահովի չափաբաժիններն ու բազմազանությունը, ինչպես նաև դատապարտյալներին անհրաժեշտ կիլորիականությունը», -ասաց Հակոբյանը: Այսպիսով՝ հուլիսի 1-ից սննդի չափաբաժինը ՀՀ բանտերում նվազեցվել է: Կառավարության որոշմամբ՝ 650 գրամ հացի փոխարեն դատապարտյալն օրական կստանա 500 գրամ հաց, պանիր ամեն օր չեն ստանա, այլ՝ ամսական 15 օր:
