Հայկ Ալումյանը բոյկոտեց դատական նիստը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Դատական նիստին այս անգամ ևս ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ներկա չէր: Նշենք, որ դատարանին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար Վահան Շիրխանյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել և վերջինս երեք ժամով հեռացվել է դատական նիստերի դահլիճից, սակայն պաշտպանի պնդմամբ երեք ժամը լրացել է, բացի այդ ոչ մի տեղ չի նշվում, որ դատական նիստերի դահլիճից է հեռացվել: Հայկ Ալումյանը դիմելով դատավորին ասաց, որ եթե դատարանը համարում է, որ Վահան Շիրխանյանը դատարանի կողմից կիրառված սանկցիայի հիման վրա դեռեւս հեռացված է դատական նիստերի դահլիճից, ապա ժամկետները հաշվարկելիս դատարանը կոպտորեն խախտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածը։ «Հիմա իմ պաշտպանյալն այստեղ չէ։ Իմ պաշտպանյալն ասելիք ունի այս դատավարությունում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ: Ես գտնում եմ, որ այս դատավարությունն առանց պարոն Շիրխանյանի շարունակելը կոպտորեն խախտում է նրա իրավունքները»,- հայտարարեց Հայկ Ալումյանը։ Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է դատական երեք ժամին, որի լրանալուց հետո Վահան Շիրխանյանը կներկայացվի նիստերի դահլիճ։ Հայկ Ալումյանը նշեց, որ առանց Վահան Շիրխանյանի այս դատավարությունը չի կարող տեղի ունենալ. «Դուք ուզում եք տպավորություն ստեղծել, թե դատական նիստերը ձախողվում են իմ պատճառով,այնինչ նախորդ նիստին Դուք Շիրխանյանին հեռացնելուց հետո դատական նիստը ձախողեցիք»: Այնուհետև՝ Հայկ Ալումյանը հայտնեց, որ լքում է նիստերի դահլիճը, ինչին ի պատասխան դատավորն ասաց. «Ձեր իրավունքն է»։
