Շիրխանյանի պաշտպանը վիճեց դատավորի հետ և հեռացավ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, լարված մթնոլորտում շարունակվեց, ապա երկու ժամով ընդմիջվեց 2015 թվականին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Նիստի ժամանակ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքեց, որ դատավորը նիստի մասնակիցների անունները տալիս ընդհանրապես չի հիշատակում Վահան Շիրխանյանի անունը, չի զեկուցում նրա մասին ու դատական նիստի ձայնագրությունից կթվա, թե նա ներկա է, մինչդեռ Շիրխանյանին չեն բերել: Հիշեցնենք, որ դատավոր Բեկթաշյանը 3 ժամով հեռացրել էր Շիրխանյանին դատական նիստերի դահլիճից: Ըստ Ալումյանի, դատարանը կոպտորեն խախտում է ժամերի հաշվարկը, ճիշտ չեն հաշվում, թե որ պահից է սկսվում հաշվարկը: Իմ պաշտպանյալն ասելիք ունի այս դատավարությունում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ։ Մասնավորապես դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ Դուք հարցնում եք իմ կարծիքը, մինչդեռ ես այս հարցի վերաբերյալ պետք է իմանամ իմ պաշտպանյալի կարծիքը։ Ես գտնում եմ, որ այս դատավարությունն առանց պարոն Շիրխանանի շարունակելը կոպտորեն խախտում է նրա իրավունքները»,- նկատեց Հայկ Ալումյանը։ Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է դատական երեք ժամին, որի լրանալուց հետո Վահան Շիրխանյանը կներկայացվի նիստերի դահլիճ։ Հայկ Ալումյանը նշեց, որ առանց Վահան Շիրխանյանի այս դատավարությունը չի կարող տեղի ունենալ։ Դատավորն ասաց, որ անընդհատ ձգձգելու միտում կա, Հայկ Ալումյանն էլ հակադարձեց, որ այն համոզմանն է, որ դատարանն է ձգձգում դատավարությունը։ Դատարանը 6 ամիս ձգեց՝ նրա համար, որ Շիրխանյանին կարող էիք դատարան բերել, այդ հարցը լուծել, հիմա էլ դատարանը շատ լավ գիտի, որ եթե Շիրխանյանը այստեղ չէ, ես չեմ կարող այստեղ գտնվել: Շատ լավ գիտի ու ամեն ինչ անում է, որ ձգձգի: Դատարանը գիտի, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել: Դատարանը դա մեկնաբանեց՝ իբրեւ թե անհարգալից վերաբերմունք, ստեղծեց այս վիճակը, այնինչ այն փաստաթուղթը՝ էպիկրիզը, որ դատարանի տրամադրության տակ էր գտնվում, պարզ երեւում է այդ էպիկիզից, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում կանգնել ոտքի վրա: Ու դուք դրա համար նրան հանեցիք դատական նիստերի դահլիճից, նիստը այդ օրը ձախողեցիք, հիմա էլ ուզում եք տպավորություն ստեղծել, թե դատական նիստը մեր պատճառով ձախողվում է»: Դատավորն էլ հորդորեց պաշտպանին չվիրավորել դատարանին, ապա ասաց, որ կա փորձագետի եզրակացություն, որտեղ նշված չէ, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում կանգնել։ Հայկ Ալումյանը պահանջեց, որ Շիրխանյանը լինի նիստերի դահլիճում, դատավորը կրկին նշեց, որ 3 ժամի լրանալուց հետո նա կներակայցվի. «Այսինքն, նա կարծիք արտահայտելու իրավո՞ւնք էլ չունի դրանից հետո, քանի որ ես իր շահերն եմ այստեղ ներկայացնում, առանց իր հետ համաձայնեցնելու ես ոչինչ անել չեմ կարող»: Դատավորի խոսքերով՝ Շիրխանյանը հեռացված է օրինական կարգով: Ալումյանն էլ հակադարձեց՝ «Օրինական է, թե օրինական չի՝ ես ուրիշ կարծիքի եմ: Ես գտնում եմ, որ առանց նրա չի կարող այս դատավարությունը լինել»: Ապա Հայկ Ալումյանը կրկին պնդեց, որ 3 ժամը վաղուց է լրացել, սակայն տեսնելով, որ դատավորը շարունակում է նիստն առանց Շիրխանյանի հավքեց իրերն ու ասաց, որ լքում է նիստերի դահլիճը: «Ձեր իրավունքն է»,- դիմելով Ալումյանին ասաց, Արմեն Բեկթաշյանը: Ալումյանն էլ շնորհակալություն հայտնեց իր իրավունքների մասին տեղյակ պահելու համար եւ լքեց դահլիճը: Ալումյանն էլ պատասխանեց՝ բա դուք ասացիք՝ իմ իրավունքն է, շնորհակալություն, որ թողնում եք իմ իրավունքից օգտվել եւ հեռացավ:
