Թուրքիան ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ. ԱԶԿ փոխնախագահ
Թուրքիան ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Թուրքիայի Արդարություն եւ Զարգացում իշխող կուսակցության նախագահի տեղակալ, խորհրդարանական Ռավզա Քավաքչի Քանը: «Մենք երկար պատմություն ունենք Հայաստանի հետ եւ ինչպես բոլոր հարեւանների եւ դաշնակիցների հետ, մենք կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ զարգացնել»,- ասել է Քանը եւ նշել, որ հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորվի նրա բնորոշմամբ երկու երկրների հարաբերությունների առավել ակնհայտ խնդիրը՝ Հայոց ցեղասպանության հարցը, որը Քանն իր երկրի պաշտոնական դիրքորոշման համաձայն չի ճանաչում: «Կարծում եմ, կարեւոր է ավելի լավ հարաբերություններ կառուցել, եթե երկու կողմերը եւ միջազգային պատմաբանները միասին կարողանային կարգավորել այս հարցը, այն այլեւս չի խոչընդոտի մեր հարաբերությունները եւ թույլ կտար մեզ ակտիվացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում»,- ասում է Քանը: Ավելի զգուշորեն է գնահատում մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը Թուրքիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին. «Հայ-թուրքական հարաբերությունները սառույցի հաստ շերտի տակ են, քանի որ Թուրքիան, որը բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը դիտարկում է որպես ռուսների եւ իրանցիների դաշնակից»: Միացյալ Նահանգներն այս հարցում կարող է դրական դեր խաղալ, օգնելով կողմերին բարելավել հարաբերությունները, սակայն մոտ ժամանակները Սպիտակ տունը զբաղված է լինելու ավելի հրատապ այլ հարցերով. «Երբ ես դեսպան էի Թուրքիայում, Միացյալ Նահանգները շատ սերտ ներգրավված էր՝ փորձելով Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնել եւ բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»: Դիվանագետի խոսքով՝ 100 տարի առաջ Թուրքիայի նկատմամբ Վուդրո Վիլսոնի քաղաքականությունից ի վեր Թուրքիան Ամերիկային կասկածանքով է վերաբերվում. «Թուրքիայում գոյություն ունի հանրային մի զգացմունք, կասկած, թե Միացյալ Նահանգները անընդհատ փորձում է զրկել Թուրքիային արեւի տակ իր օրինական տեղից»:
