«Սեպտեմբերին որոշակի պարզություն անպայման կմտնի». Գառնիկ Իսագուլյան
«Բրյուսելում կայացած հանդիպումն անչափ կարևոր էր՝ անկախ արձանագրած արդյունքից:Ապրիլյան պատերազմից հետո դժվար է գնում գործընթացը, հատկապես՝ բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի միջև:Այս հանդիպումն առանձնապես որևէ սպասելիք չէր առաջացնում, բայց շատ կարևոր է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ, և հաջորդ հանդիպումը, որ տեղի կունենա ՄԱԿ-ի ասամբլեայի 72-րդ նիստի ժամանակ, արտգործնախարարները մինչ այդ կքննարկեն իրենց երկրների նախագաների հետ հնարավոր սպասվելիք հանդիպումը, և սեպտեմբերին, կարծում եմ, որոշակի պարզություն անպայման կմտնի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին: Գ. Իսագուլյանը հանդիպումները և բանակցությունները շատ է կարևորում. «Բոլոր դեպքերում Հայաստանի արտգործնախարարի հենց այս հանդիպման ժամանակ առաջ քաշած խնդիրները նորից մնում են նույնը, այն է՝ անպայման կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»: «Շատ կարևոր է, որ հայկական կողմը միանշանակ շեշտում է, որ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները պետք է անպայման մնան ուժի մեջ: Դրա մասին հստակ ասել է նաև ՀՀ արտգործնախարարը: Իհարկե, ադրբեջանական կողմի համար դա անընդունելի է, և, որպեսզի համանախագահները չխանգարեն սեպտեմբերին ՄԱԿ-ի 72-րդ նիստի ժամանակ հնարավոր հանդիպմանը և բանակցություններին, կարծում եմ՝ դա է պատճառը, որ ձեռնպահ են մնացել հղում կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Ուղղակի սա է պատճառը, ու այլ պատճառ փնտրել պետք չէ»,-ասաց նա:
