Փաստաթուղթ են ստորագրում՝ «միջանցք» բառը չգործածելով

Հայաստանի կառավարությունը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ», և հույս ունի այն մեծ տեմպերով իրականացնել՝ երեկ կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստում, սակայն, ոչ ոք չբարձրաձայնեց, որ ավելի քան 12 տարիների ընթացքում Հայաստանի կառավարություններին հաջողվել է կյանքի կոչել Վրաստանն Իրանին կապող «Հյուսիս-Հարավ» 556 կիլոմետրանոց մայրուղու ընդամենը 5 տոկոսը՝ այն էլ անորակ մի ավտոճանապարհի տեսքով։ «Այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-hարավ, արևելք-արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա», - ներկայացրեց վարչապետը:

Պակաս ուշագրավ չէր Փաշինյանի հաջորդ հայտարարությունը, թե Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում։ Փաշինյանը, սակայն, մանրամասներ չհայտնեց. օրինակ՝ արդյո՞ք այն վերջակետ է դնելու ամիսներ շարունակ Երևանի ու Բաքվի միջև հրապարակային բանավեճին, թե ինչ իրավազորության ներքո են գործելու Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղային և ավոտոմոբիլային ճանապարհները։

Կամ՝ արդյո՞ք փաստաթուղթը ստորագրվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, թե՞ այն լինելու է եռակողմ՝ նաև Ռուսաստանի ներգրավվածությամբ, քանի որ երկաթուղու վերագործարկման բանակցություններին նախորդ շաբաթներին մասնակցում էին «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները։

«Իհարկե, Արևելք-արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը: Գիտեք նաև, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի», - նշեց Փաշինյանը:

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, ով երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է, նախորդ շաբաթ «Ազատությանն» ասել էր, թե Հայաստան - Ադրբեջան երկաթուղու հայկական կողմի վերականգնվող երկու հատվածներում մինչև ամսվա վերջ մասնագետները կսկսեն տեղում ուսումնասիրություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ հետագայում նախագիծ կմշակվի։

Փաշինյանը երեկ նշեց. - «Հյուսիս-հարավ հատվածում մենք բնականոն գործող ճանապարհներ ունենք, արևելք-արևմուտք հատվածում բնականոն գործող ճանապարհներ չունենք: Իհարկե, հույս ունենք նաև Արևելք-արևմուտք հատվածով հնարավորինս արագ հասնել լուծումների և, ըստ անհրաժեշտության, ունենալ ժամանակավոր գործող ճանապարհ և հետագայում՝ այս նախագծի ամբողջացման կոնտեքստում ունենալ նաև հիմնական, արդեն վերջնական, այս նախագծի համատեքստում գործող ճանապարհ»: Նա անդրադարձավ ճանապարհներին, որովհետև երեկ կառավարությունը հայտարարեց «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց հատվածի կառուցման նախաորակավորման մրցույթի մեկնարկի մասին։ Առաջիկա 70 օրվա ընթացքում ընկերությունները հայտեր են ներկայացնելու, որից հետո որոշվելու է, թե որ ընկերություններն են համապատասխանում պահանջներին։ Այս փուլից հետո էլ արդեն որակավորված ընկերությունները կմասնակցեն ճանապարհահատվածի շինարարության մրցույթին։ Նա հույս հայտնեց, որ ողջ գործընթացը կավարտվի մինչև տարվա վերջ, որից հետո կսկսվի ճանապարհի կառուցումը։

Այսպես, երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում, սա կարևոր մեխն էր: Բնականաբար Փաշինյանը խուսափեց «միջանցք» բառից: Ու չի կարելի բացառել, որ այս պայմաններում, Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն, որ խուսափում են «միջանցք» բառի գործածումից, սակայն այն, այնուամենայնիվ, կգործի՝ անկախ անվանումից:

Փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբում «ամենակոնկրետը քննարկվել է» երկաթգծի հարցը, այն գործելու է մաքսային և սահմանային հսկողության ներքո, «Ազատության» հետ զրույցում երեկ իր հերթին նշել է այդ խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով` նոր պայմանավորվածություններ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործման առումով չկան, սակայն գործընթացի մեկնարկից առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպված փաստաթուղթ` ըստ իրավական պահանջների: «Կան ընդհանուր ընկալումներ սիմետրիկ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես երկաթգծի հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպում պայմանավորվածության, որովհետև ներդրումները մեծ են և իհարկե, ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում: Այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների շուրջ եղել են պաշտոնական հրապարակումներ», - նշեց նա:

Անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե հույս ունեն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի, փոխվարչապետն ասաց. «Հույս հայտնել նշանակում է, որ կա հույս, որ կլինի առաջընթաց: Մենք եռակողմ աշխատանքային խմբի հարթակում ունեցել ենք 8-9 հանդիպումներ, և այո, քննարկումները եղել են ըստ էության, քննարկվել են բավականին կոնկրետ»:

Հիշեցնենք, որ Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա:

Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ` յուրաքանչյուր երկիր իր մասի ենթակառուցվածքը կառուցելու է իր միջոցների հաշվին. «Մեր դեպքում ամենայն հավանականությամբ դա կլինի պետական նախաձեռնություն, պետական ենթակառուցվածք, կարծում եմ` այս իրավիճակում և այս դեպքում ճիշտ է, որ դա լինի պետական ենթակառուցվածք»:

Երկաթուղու վերագործարկման բանակցություններին նախորդ շաբաթներին մասնակցում էին նաև «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները։ Մհեր Գրիգորյանը շեշտել է` ընկերության հետ ինտենսիվ համագործակցում են. «Անկախ եռակողմ հարթակի աշխատանքներից` երկկողմ հարաբերությունների բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, և անկախ ապաշրջափակման հանգամանքներից` ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսորը: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերի հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների, ի վերջո իրենք են լինելու շահագործողը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեղադրանքներին, որ հայկական կողմը տապալում է ապաշրջափակումը, Հայաստանի ներկայացուցիչը շեշտեց` «բարդ գործընթացներ են` քաղաքական իմաստով»:

Փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին հանդիպումը դեկտեմբերի 1-ին էր կայացել: Մհեր Գրիգորյանը չի հստակեցրել, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, սակայն նշեց` ենթադրաբար աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում: «Մեր վերջնական նպատակը ապաշրջափակման այնպիսի սցենար ունենալն է, որը տարածաշրջանային կայունություն կբերի, և ենթակառուցվածքները կսկսեն այլևս ունենալ տարածաշրջանային նշանակություն: Դա նշանակում է, որքան շատ լինեն կապուղային հնարավորությունները, այդքան ավելի արդյունավետ կլինեն մեր ծախսերը, և այդքան ավելի արդյունավետ կգործեն մեր ենթակառուցվածքները, և այդքան ավելի տնտեսապես արդյունավետ կլինի մեր նախաձեռնությունը», - հավելել է նա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2969 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am