Ինչով էր պայմանավորված Մակրոնի նախագահ ընտրվելը
«Էմանուել Մակրոնի Ֆրանսիայի նախագահ ընտրվելը մեծապես պայմանավորված էր խիստ եվրոպամետ նախընտրական ելույթով: Իր ելույթում Մակրոնը միաժամանակ մատնանշում էր բոլոր այն բարդությունները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը: Տարակածությունների առկայության առումով Եվրոպայի ներսում ևս նկատվում էր մեկ ընդհանուր միտում՝ ղեկավար, բարձր մակարդակում գտնվող օղակների եւ հասարակ բնակչության միջեւ առկա անջրպետը, ինչը խնդիրներ էր առաջացնում թե ԵՄ-ի, թե Միության բնակչության համար։ Եվրոպան իր հերթին ստացավ իր բաժին ճգնաժամերը՝ հունական ֆինանսական խոր խնդիրներ, միգրանտների ներհոսք, ընտրությունների ժամանակ Ֆրանսիայի ներսում կարծիքների մեծ տարբերություն եւ այլն: Միաժամանակ, Մեծ Բրիտանիան սկսել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, ԵՄ-ի համար մեկ այլ կարեւոր խաղացողի՝ ԱՄՆ-ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային ելույթներից հասկանալի է դառնում, որ նա այն աստիճան հետաքրքված չէ Եվրոպայով, որքան նրան նախորդած վարչակարգը։ Սրանք իրողություններ են, որոնք, բնականաբար, չէին կարող անտեսվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Անվտանգության առումով թեև «Իսլամական պետությունը» լուրջ հարվածներ է ստանում եւ պարտություն կրում, այդուհանդերձ, ահաբեկչության սպառնալիքը դեռ մնալու է։Դրանով են բացատրվում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Այս ամենը չի կարող անտեսվել Եվրոպայի անվտանգության ապագա համակարգը ձեւավորելու հարցում, սակայն եվրոպական տարբեր երկրներ իրենց անվտանգությունն ապահովելու տարբեր մոտեցումներ ունեն»,- ասաց դեսպանը: Նրա խոսքով` Ֆրանսիան կողմնակից է, որպեսզի Եվրոպան կարողանա իր սեփական ուժերով համախմբել եւ պաշտպանել իր իսկ շահերն ու անվտանգությունը, այդ թվում՝ զարգացնելով դրա համար անհրաժեշտ ռազմական բաղադրյալը եւ հետախուզական գործունեությունը։
